Մատչելիության հղումներ

Սուրդոթարգմանության փոխարեն վազող տող


Կրթությունը, աշխատանքի, տեղեկացվածության բացակայությունը շարունակում են մնալ խուլերի առաջնային խնդիրները:

Աննա Պապոյանն աշխատում է «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությունում որպես հարհանգիչ: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ այսօր խուլերի ամենամեծ խնդիրը աշխատանքի բացակայությունն է, քանի որ կենսաթոշակը 11 հազար դրամ է, իսկ ովքեր ունեն աշխատանքային ստաժ՝ 20 հազար դրամ: Կարեւորեց նաեւ ժեստերի լեզուն, որպես պետական լեզու հաստատելը, որը ընդունված է աշխարհի մի շարք երկրներում:

«Եթե ժեստերի լեզուն հաստատվի որպես պետական լեզու, բուհերում կլինեն ժեստերի լեզվի թարգմանիչներ, ովքեր կթարգմանեն խուլերի համար, հեռուստատեսությունում կսկսեն զբաղվել այդ հարցերով, քանի որ կարեւոր է, որ խուլը տեղեկացված լինի», - ասաց նա:

Աննայի կարեւորած՝ խուլերի տեղեկացված լինելու խնդրին անդրադարձել էր նաեւ «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերխությունը, որը հունվարին հանդես էր եկել նախաձեռնությամբ, որպեսզի Հանրային Հեռուստատեսությունում, որը հեռարձակում է ամբողջ հանրապետության տարածքում եւ ֆինանսավորվում է պետբյուջեից, մեկ լրատվական եւ մեկ մանկական հաղորդում զուգորդվի սուրդոթարգմանությամբ:

Բայց այսօր կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը նամակ է ստացել, որում նշվում է, որ ԱԺ-ում քննարկման է ներկայացվել մի նախագիծ, ըստ որի բոլոր հեռուստաընկերությունները պետք է ունենան այնպիսի հաղորդումներ, որոնք կզուգորդվեն կամ սուրդոթարգմանությամբ կամ լուսագրերով՝ վազող տողով:

«Այս դեպքում ստացվում է, որ մենք պարտավորեցնում ենք մասնավոր հեռուստաընկերություններին իրականացնել մի բան, որը դառնում է երկիմաստ, այսինքն սուրդոթարգմանությամբ հաղորդումները զուգորդելը դառնում է հեռուստաընկերությունների բարի կամքի դրսեւորում, քանի որ գրեթե բոլորը ավելացրել են լուսագրերը: Խուլերն ասում են, որ դա չափազանց անհարմար է», - ասաց Սուրեն Դեհերյանը՝ հավելելով, որ թվում է թե այս նախագիծը կազմվել է առանց հաշվի առնելու խուլերի կարծիքը: Ըստ նրա, խուլերի համար ապահովել հաղորդումների մատչելիության ապահովման իրենց պահանջը չի կատարվում:

«Երբ զրուցում եմ հեռուստատեսության ներկայացուցիչների հետ, ասում են, որ օրենքը չեն խախտում, հաղորդումները զուգորդում են լուսագրերով: Անգամ մեկն ասաց, թե դու չես նյարդայնանա՞, որ անընդհատ մեկը ժեստերի լեզվով թարգմանի հաղորդումները», - պատմեց Սուրեն Դեհերյանը:

Լսողության խնդիրներ ունեցող Կարինան սուրդոթարգմանչուհի Աննայի միջոցով փոխանցեց. - «Շատ կցանկանայի, որ հաղորդումները զուգորդվեին սուրդոթարգմանությամբ: Օրինակ ես ունեմ ռուսական կրթություն, ինչպե՞ս կարդամ», - հարցրեց նա:

Սուրդոթարգմանիչների որակավորում

Խուլերի համար մեկ այլ խնդիր է որակավորված թարգմանիչների բացակայությունը: Թարգմանիչը կարող է թարգմանել մի բառ, բայց ասվել է լրիվ այլ բան: Խնդիրը հատկապես լրջանում է, երբ պետք է խուլի համար թարգմանվում են իրավական տերմինները: Այսօր Հայաստանում չկան որակավորված սուրդոթարգմանիչներ, եւ չկա ժեստերի լեզուն սովորեցնող որեւէ հաստատություն: Որպես թարգմանիչներ աշխատում են մեծամասամբ խուլերի ընտանիքների երեխաները:

Այդ պատճառով Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամն առաջարկում է փոփոխություններ կատարել «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչներին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» օրենքում, քանի որ ժեստերի լեզվով հաղորդակցվողների համար իրականացվող թարգմանությունը պետությունը համարում է թարգմանչական ծառայություն: Առաջարկում են ստեղծել հանձնաժողով, որը կազմված կլինի երեք խուլերից եւ մեկ մասնագետից, որը եւ կորակավորի թարգմանիչներին սուրդոթարգմանություն կատարելու համար:

Սակայն Հայաստանում, չկա որեւէ մարմին, որը սովորեցնում է ժեստերի լեզուն, այլ կան մի քանի անհատներ, ովքեր վերապատրաստվել են արտասահմանում եւ ըստ էության սուրդոթարգմանիչի որակավորում տվող հանձնաժողովի մասնագետներ էլ հենց լինելու են այդ մի քանի անհատները:

Ուղիղ հղում
XS
SM
MD
LG