Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընդդիմությունը առաջարկում է հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները


Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը (աջից) վարում է նիստը
Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը (աջից) վարում է նիստը
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ԱԺ այսօր մեկնարկած աշնանային նստաշրջանի անդրանիկ նիստում խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանին առաջարկեց դիմել Հայաստանի նախագահին՝ Ազգային ժողովի օրակարգից հայ-թուրքական արձանագրությունների հետկանչի հարցով։

«Եթե Թուրքիայի կառավարությունը նորից չառաջարկի օրակարգում ընդգրկելու այդ հարցը, այն ժամանակ համոզված եմ, որ Հանրապետության նախագահը շատ ճշգրիտ եւ ժամանակին որոշում կկայացնի», - արձագանքեց Ազգային ժողովի խոսնակը։

Համանման առաջարկով հանդես եկավ նաեւ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ առաջարկելով հայ-թուրքական արձանագրություններից հետ վերցնել Հայաստանի ստորագրությունները։

«Կարելի է մի քիչ սպասել, եւ, եթե իրոք Թուրքիայի կառավարությունը քայլեր չկատարի, կդիմենք Հայաստանի նախագահին», - պատասխանեց Հովիկ Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները: Արձանագրությունների վավերացման գործընթացը, սակայն, ձգձգվեց եւ 2010-ի ապրիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց արձանագրությունների վավերացման ընթացակարգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG