Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանի հեռուստաուղերձը հայ ժողովրդին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը Հայաստան- Թուրքիա հարաբերությունների գործընթացի վերաբերյալ հեռուստաուղերձով դիմել է հայ ժողովրդին:

Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ.

Մեկ տարի է անցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ Հայաստան-Թուրքիա-Շվեյցարիա համատեղ հայտարարությունից: Այս ընթացքում հրապարակվել, հանրային քննարկման են ներկայացվել եւ ստորագրվել այդ հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու արձանագրությունները: Այդ փաստաթղթերը տեւական ժամանակ է արդեն Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարաններում են` սպասելով վավերացման: Հայաստանը մշտապես ի ցույց է դրել իր հետեւողական նվիրվածությունը հարաբերությունների կարգավորման գործընթացին` հասնելով մինչեւ արձանագրությունները Ազգային Ժողովի օրակարգում ընդգրկելը: Ողջ աշխարհին մենք ցույց տվեցինք մեր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում` հանդես գալով միայն կառուցողական դիրքերից: Մենք հայտարարեցինք նաեւ, որ Թուրքիայի կողմից արձանագրությունները, պայմանավորվածության համաձայն, առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում վավերացման դեպքում, Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վավերացման տապալումը բացառվում է:

Այսօր եկել է «ողջամիտ ժամկետներում» ասածը եւ «առանց նախապայմանների» գործելաոճը գնահատելու ժամանակը: Դրանք ոչ միայն Հայաստանի, այլ գործընթացի մեջ ներգրավված բոլոր միջնորդների, մեր բոլոր միջազգային գործընկերների կողմից սահմանված չափանիշներ են:

Մեկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նախապայմանների լեզվով շարադրված հրապարակային խոսքերի պակաս չի զգացվել, մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամանակ ձգելու եւ գործընթացը տապալելու համար: Հետեւաբար մեր եզրակացությունն ու դիրքորոշումն էլ միանշանակ է.

Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել եւ առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել:

Ողջամիտ ժամկետները, մեր կարծիքով, ավարտվել են: Ամեն գնով ապրիլի 24-ն անցկացնելու թուրքական գործելաոճը պարզապես անընդունելի է:

Մենք անընդունելի ենք համարում նաեւ Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ինքնանպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը եւ այս պահից սկսած` հարաբերությունների կարգավորման ներկա փուլը համարում ենք սպառված:

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Այս ընթացքում Թուրքիայի հետ սկսված գործընթացի ապագայի վերաբերյալ ես քննարկումներ եմ ունեցել եւ շարունակում եմ դրանք Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիի, ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, ինչպես նաեւ եվրոպական մի շարք կառույցների մեր գործընկերների հետ: Ես շնորհակալ եմ նրանց` մեր նախաձեռնությանը ցուցաբերած օժանդակության, գործընթացին սատարելու եւ դրա առաջընթացին միտված ջանքերի համար: Չեմ թաքցնում, մեր գործընկերները հորդորել են ինձ շարունակել գործընթացը, հորդորել են չկանգնեցնել այն:

Եվ հարգելով նրանց, նրանց ջանքերն ու անկեղծ ցանկությունները, կոալիցիոն գործընկերների հետ եւ Անվտանգության խորհրդում քննարկումներից հետո, մենք վճռել ենք առայժմ դուրս չգալ գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Վստահ եմ` սա է պահանջում մեր ազգային շահը:

Հայաստանը կպահպանի արձանագրությունների տակ իր ստորագրությունը, որովհետեւ ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգավորման հնարավորությունները եւ որովհետեւ ցանկանում է խաղաղություն: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր քաղաքական նպատակները մնում են ուժի մեջ, եւ մենք կդիտարկենք առաջ շարժվելու հարցը, երբ համոզվենք, որ Թուրքիայում կա համապատասխան մթնոլորտ եւ երբ Անկարայում կտեսնենք հարաբերությունների կարգավորմանը վերստին պատրաստ առաջնորդություն:

Ի լուր աշխարհի հայտարարելով, որ Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների 2008 թվականի սեպտեմբերյան հանդիպումից սկսված գործընթացի այս փուլը մեզ համար այլեւս ավարտված է, միեւնույն ժամանակ ես շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի Նախագահ Աբդուլահ Գյուլին` այս ողջ ընթացքում ցուցաբերած քաղաքական կոռեկտության եւ այն դրական հարաբերությունների համար, որ ձեւավորվեցին մեր միջեւ:

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Երկու օրից մենք նշելու ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցը: Ցեղասպանության միջազգային ճանաչման մեր պայքարը շարունակվում է, եւ եթե Թուրքիայում որոշ շրջանակներ փորձում են օգտագործել մեր անկեղծությունն ի վնաս մեզ, օգտագործել այս գործընթացը` խուսափելու համար ապրիլի 24-ի իրականությունից, ապա նրանք լավ պետք է իմանան` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող օր է, բայց այն որեւէ կերպ չի սահմանափակում դրա միջազգային ճանաչման ժամանակացույցը:

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն պետություններին, կազմակերպություններին ու անհատներին, ովքեր զորակցում են մեզ մարդկության դեմ ուղղված ոճիրների դատապարտման ու կանխման գործում: Շնորհակալություն ենք հայտնում նաեւ պատմական ճշմարտության վերականգնման համար պայքարող թուրք մտավորականներին, ովքեր կիսում են մեր ցավը: Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին մենք բոլորին կոչ ենք անում հիշել, որ պետական մակարդակով մշակված ծրագրով եւ միայն հայ լինելու համար հրի ու սրի մատնված 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը ողջ մարդկության առջեւ դեռ շարունակում է ճանաչման ու դատապարտման պահանջ դնել:

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Այսօր մենք ամուր ենք ավելի, քան երբեւէ, մեր ճակատը պարզ` ինչպես միշտ: Ավելի լավ Հայաստանի, ավելի լավ տարածաշրջանի, ինչու չէ` նաեւ աշխարհի, ավելի ամուր ու միասնական հայության նպատակներին միտված մեր ջանքերն այսուհետ միայն ավելանալու են:
Վստահ եղեք` արդյունքներն էլ անընդհատ տեսանելի են լինելու:

Աստված մեզ պահապան:

ՀՀ նախագահը ուղերձով դիմել է ժողովրդին
please wait

No media source currently available

0:00 0:07:23 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG