Մատչելիության հղումներ

Կիսակառույցի բնակիչները պահանջում են վերադարձնել իրենց բնակարանները


Գեւորգ Չաուշ 13/4 շենքի բնակիչները բողոքում են նախագահական նստավայրի դիմաց, 13 հունիս
Գեւորգ Չաուշ 13/4 շենքի բնակիչները բողոքում են նախագահական նստավայրի դիմաց, 13 հունիս
Երեւանի Աջափնյակ համայնքի Գեւորգ Չաուշ 14/3 կիսակառույց շենքի բնակիչներն երկուշաբթի օրը հավաքվել էին նախագահական նստավայրի առջեւ` պահանջելով Հայաստանի նախագահից զբաղվել իրենց խնդրով: Նրանք պահանջում են վերադարձնել շենքի իրենց բնակարանները, որոնց համար ժամանակին մեծ գումարներ են վճարել:

Շենքի շինարարությունը սկսել է «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվը, որի նախագահ Արմեն Թադեւոսյանը այժմ կալանավորված է: Որոշ ժամանակ անց պարզվել է, որ այս շենքում նույն բնակարանը միեւնույն ժամանակ մի քանի մարդկանց է վաճառվել կամ գոնե խոստացվել: Կոոպերատիվի այն անդամները, որոնցից շատերը վաճառել են նախկին բնակարանները կամ փոխանակել նորը ձեռք բերելու հույսով, այժմ անտուն են:

13-հարկանի անավարտ շենքում, բնակիչների խոսքով, 99 սեփականաշնորհման վկայականներից միայն 26-ը կամ 27-ն են պատկանում «Նորաշեն-2007»-ի հետ ժամանակին պայմանագրեր կնքած ու գումարներ վճարած քաղաքացիներին: Մյուսները նախնական պայմանագրերը կնքել են, գումարներ վճարել, բայց մի օր պարզել են, որ այդ բնակելի մակերեսը պատկանում է ուրիշին:

«Ի՞նչ իրավունքով շենքի տերերը, կառուցողները առանց մեր համաձայնության, առանց մեզ հարցնելու 2-րդ պայմանագիր են կնքել եւ տոկոսով փող են վերցրել, դիմացը սեփականաշնորհման թուղթ են տվել», - հարցնում էր շենքում բնակարան գնած մի կին:

Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցված, գործը հատուկ քննչական ծառայության վարույթում է, սակայն բնակիչները մտավախություն ունեն, որ քննությունը լիարժեք օբյեկտիվ չի ընթանում:

Շենքի բնակարանների մեծ մասի սեփականության վկայականները այժմ «Էսկո» կոնցեռնի նախագահ Սարգիս Աղաբեկյանին են պատկանում: Աղաբեկյանը ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ իրավիճակը ստեղծվել է այժմ կալանքի տակ գտնվող կոոպերատիվի նախագահի պատճառով, իսկ ինքը պարզապես ժամանակին ձեռք է բերել բնակարանները եւ ունի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Նա վստահեցնում է, որ այդ բնակարանները ինքը գնել է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

Այսօր Չաուշի կիսակառույցի բնակիչներին ընդունել է նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ով, հանդիպմանը մասնակցած բնակիչ Արմեն Մկրտչյանի խոսքով խոստացել է աջակցել բնակիչներին եւ հետեւել գործի օբյեկտիվ ընթացքին:

please wait

No media source currently available

0:00 0:03:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG