Մատչելիության հղումներ

Փողոցային առեւտրով զբաղվողները քաղաքապետից աշխատանք են պահանջում


Առեւտրականները աշխատանք են պահանջում
please wait

No media source currently available

0:00 0:03:19 0:00
Տասնյակ առեւտրականներ չորեքշաբթի օրը Երեւանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել` դժգոհելով փողոցային առեւտուրը վերացնելու` Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշման դեմ:

«Մի զրկեք մեզ հանապազօրյա հացից», «Քաղաքապետ, ժողովուրդը քեզ չի ընտրել» եւ նմանատիպ կարգախոսներով ցուցարարները պահանջում էին, որ քաղաքապետը անձամբ դուրս գա եւ հանդիպի իրենց հետ:

Վարդանանց փողոցի վրա տեղակայված շինարարական ապրանքների շուկայում տարիներ շարունակ առեւտրով զբաղվող Արման Առաքելյանն ասում է, որ շուկայի իր շուրջ 200 գործընկերների նման, պահում է հաշվապահ, ՀԴՄ մեքենա ունի, նաեւ տեղի վարձ է վճարում, բայց արդեն 2 օր է` զրկված է գումար վաստակելու հնարավորությունից:

«6 տարի առաջ է այդ որոշումը դուրս եկել, բայց այս 6 տարվա մեջ 5-6 քաղաքապետ է փոխվել, բոլորն էլ հասկացել են, որ չի կարելի մարդկանց զրկել աշխատելու եւ ապրելու իրավունքից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեց Առաքելյանը: - «Այսօր ոչ մի հիմնարկ-ձեռնարկություն այդքան աշխատատեղ չի ապահովում, ինչքան փողոցային առեւտուրը: Մարդիկ բնակարան են գրավ դրել, ինչ-որ լուծումներ են գտել իրենց ընտանիքները պահելու համար, ու այսօր քաղաքապետը ամենաքիչը 12 հազար քաղաքացու` Երեւանի բնակչի, դարձրեց գործազուրկ», - հավելեց նա:

Մանրածախ առեւրով զբաղվողներին այդպես էլ չհաջողվեց որեւէ պատասխան ստանալ: Փոխարենը` լրագրողներին որոշ պարզաբանումներ տվեց քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ Հովհաննես Ղալեչյանը:

«Օրենքով չթույլատրված ոչ մի արարք չի կարելի արդարացնել սոցիալական տեսանկյունից: Այդ բացօթյա առեւտուրը ոչ միայն օրենքով է արգելվում, այլեւ վնաս է առողջությանը: Իրենց, գուցե ձեռնտու չէ տեղափոխվել, որովհետեւ մայթում տնտեսապես ավելի ձեռնտու է առեւտուր անել: Տարածքի վճար չեն կատարում, որպես տնտեսվարող սուբյեկտ հարկային վճարումներ գուցե կատարում են, բայց դա չի նշանակում, որ կարելի է առեւտուր կատարել ցանկացած տեղ», - հայտարարեց պաշտոնյան:

Հովհաննես Ղալեչյանի խոսքով, քաղաքապետարանը փողոցային առեւտուրն արգելելու որոշման մասին տեղեկացրել էր դեռ հունվարի 3-ին: Քաղաքապետարանի առաջարկն է` կազմակերպել առեւտրի նոր շուկաներ, կամ էլ, ըստ նրա, մասնավոր հատվածը` սուպերմարկետների տերերը, տնտեսական շահից ելնելով, կարող են առեւտրի համար տարածքներ հատկացնել:

Այս փաստարկները, սակայն, բողոքի ակցիայի մասնակիցները չեն ընդունում եւ շարունակում են արդարություն պահանջել քաղաքապետ Կարեն Կարապետյանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG