Չորեքշաբթի երեկոյան Կոպենհագենից Երեւան ժամանեց հանրահայտ հայազգի ռոք երաժիշտ, System of a Down խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանը:
Բնապահպան ակտիվիստները 3 ժամ շարունակ սպասեցին իրենց «էկոհերոսին» նախ «Հաղթանակ» կամրջի հարեւանությամբ, ապա հանդիպեցին նրան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց: Բուսակեր ռոք երգչին բնապահպանները հայկական սեխ հյուրասիրեցին:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` Թանկյանն ասաց, թե շատ ուրախ է եւ հուզված երրորդ անգամ Հայաստանում գտնվելով եւ իրեն տանը զգալով:
«Փոքր տարիքից, ընտանիքս ցանկանում էր, որ ես դաշնամուր նվագեի, բայց ես այնքան էլ հետաքրքրված չէի», - հինգշաբթի առավոտյան Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց աշխարհահռչակ ռոք աստղը` խոստովանելով, թե երաժշտությամբ սկսել է զբաղվել բավական ուշ` 19-20 տարեկանում:
«Ես միայն ռոք երաժշտություն չեմ սիրում, ես մի երաժշտական ժանրի սիրահար չեմ` ես լա'վ երաժշտության սիրահար եմ», - ասաց Սերժ Թանկյանը:
Աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին իր երգարվեստով բազմիցս նպաստած Սերժ Թանկյանը խիստ կարճատեւ երեւանյան այցի ընթացքում կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Անդրադառնալով Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` հայաստանյան այցի շրջանակներում Ծիծեռնակաբերդ ոչ պաշտոնական, մասնավոր այցելությանը, Սերժ Թանկյանը կատակով ասաց, թե պետքարտուղարը խորհուրդ է տվել իրենց այցելել Ծիծեռնակաբերդ ոչ թե որպես երաժիշտ, այլ որպես մարդ:
Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Թանկյանը հստակ ծրագրեր չունի` ասում է, որ դեռ վաղ է, բայց հնարավոր է, որ որեւէ ակցիայով հանդես գա. - «100-ամյակը 2015-ին է` դժվար է իմանել, թե 5 տարի անց ուր պետք է լինեմ, ինչ պետք է անեմ եւ ինչպես պետք է վերաբերվեմ դրան: Բայց լավ գաղափար է, եւ անպայման կմտածեմ այդ մասին»: