Մատչելիության հղումներ

Freedom House-ը կրկին Հայաստանը դասել է «կիսաավտորիտար» երկրների շարքում


Թափանցիկ ընտրություններ, ազատ լրատվամիջոցներ, անկախ դատական համակարգ ու ժողովրդավարական կառավարում. ժողովրդավարության համար կարեւորագույն այս ոլորտներից եւ ոչ մեկում Հայաստանը 2009-ին առաջընթաց չի արձանագրել, եւ շարունակել է պահպանել իր «կիսաավտորիտար համակարգ» ունեցող երկրի վարկանիշը։

Համենայնդեպս, այդ է փաստում միջազգային հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ այսօր հրապարակած զեկույցը։

Ուսումնասիրությունը փաստում է, որ պաշտոնական Երեւանը անցած տարվա ընթացքում հաջողել է որոշակի առաջընթաց արձանագրել տարածաշրջանային քաղաքականության ոլորտում, սակայն «դրանից Հայաստանի ժողովրդավար կառավարման ցուցանիշը չի բարելավվել», քանի որ ուժի մեջ են մնացել 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո առաջացած քաղաքական ճգնաժամի ու համաշխարհային տնտեսական անկման բացասական հետեւանքները։

«Մարտի 1-2-ի առնչությամբ ձերբակալված 15 ընդդիմադիրները շարունակում են մնալ անազատության մեջ, մյուս կողմից՝ շուրջ 16 տոկոսանոց տնտեսական անկումը է’լ ավելի է սրել անվստահության ու հոռետեսության մթնոլորտը երկրում», - ընդգծում է հեղինակավոր կազմակերպությունը։

Առաջընթաց չի արձանագրվել նաեւ ընտրական ոլորտում. 2009 թվականին առաջին անգամ կազմակերպված Երեւանի ավագանու ընտրությունները կրկին ուղեկցվեցին «լայնածավալ խախտումների ու կեղծիքների մասին պնդումներով»։ Մրցակցությունը մեծ էր, սակայն մրցակցային մեթոդները շարունակում էին «շատ հեռու մնալ ժողովրդավարության չափանիշներից` ներառյալ ընտրակաշառքն ու ճնշումները»։

«Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի տնօրինած վարչական ռեսուրսների դեպքում անգամ նրա ստացած ձայների առավելությունը մեծ էր», - փաստում է Freedom House-ը եւ հավելում. - «Դրա հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել ընտրողների հիասթափությունը նախորդ տարիների անարդյունք քաղաքական պայքարից, ինչպես նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածի եւ անձամբ իր պասսիվությունը»։

Չի բարելավվել ցուցանիշը նաեւ խոսքի ազատության բնագավառում. - «Ի տարբերություն 2008 թվականին արտակարգ դրությունից հետո մտցված ուղիղ գրաքննության, 2009-ին կառավարությունը, ըստ Freedom House-ի, իր ճնշումները մեծամասամբ բանեցրել է գովազդի միջոցով՝ հորդորելով գործարարներին գովազդ չտեղադրել իշխանություններին չենթարկվող լրատվամիջոցների եթերում։ Նոր հաղորդումներ են ստացվել նաեւ լրագրողների նկատմամբ սպառնալիքների ու հարձակումների վերաբերյալ»։

Հետազոտության համաձայն, առաջընթաց չի արձանագրվել նաեւ դատական համակարգի անկախությունը բարելավելու ուղղությամբ. - «2008 թվականի նախագահական ընտրությունների հետո ի հայտ եկած գործերի քննությունը վճռական փորձություն դարձավ Հայաստանի արդարադատության համար՝ բացահայտելով համակարգի թուլությունն ու կախվածությունը գործադիր մարմիններից: Դատախազության կողմից տասը մահվան հանգամանքների քննությունը մինչ օրս հստակ արդյունքներ չի տվել»։

ԵԽԽՎ-ի կողմից Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւերի պահանջները ամբողջությամբ չեն կատարվել, այդ իսկ պատճառով այս ոլորտում եւս Հայաստանի իշխանությունների ցուցանիշը չի բարելավվել` «չնայած ձեռնարկված դրական քայլերին՝ օրենսդրական բարեփոխումներին ու հայտարարված համաներմանը»։

Զեկույցում քննադատության է արժանացել նաեւ կոռուպցիայի դեմ իշխանությունների ձեռնարկած պայքարը։ Ընդգծելով, որ համատարած կաշառակերությունը հայաստանցիներին հուզող ամենալուրջ խնդիրներից մեկն է` ուսումնասիրությունը փաստում է. - «Գործող իշխանություններից որեւէ մեկին մինչ օրս չի հաջողվել էական առաջընթաց արձանագրել այս ուղղությամբ։ 2003-2007 թվականներին կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ կատարված քայլերի արդյունքում բարելավվել է միայն օրենսդրական դաշտը, բայց ոչ դրա կիրարկումը։ 2009-ին եւս, նախորդ տարիների նման, իշխանությունների ձեռնարկած հակակոռուպցիոն գործողությունները շրջանցել են բարձաստիճան պաշտոնյաներին ու խոշոր գործարարներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG