Մատչելիության հղումներ

Աշոտ Գիզիրյանը նշանակվել է Շիրակի մարզպետ


Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը:
Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը:

Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում որոշեց Շիրակի մարզպետ նշանակել Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության արդեն նախկին պետ Աշոտ Գիզիրյանին, ով այդ պաշտոնում փոխարինեց Լիդա Նանյանին:

«Տիկին Նանյանը ներկայացրել է դիմում, եւ մենք այս որոշումով հարգում ենք իր դիմումը», - նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգյանը՝ շարունակելով. - «Պարոն Գիզիրյանը գտնվում է դահլիճում: Վստահ եմ, բոլորդ իրեն շատ լավ ճանաչում եք, մեծ աշխատանքային փորձ ունի, հարուստ կենսագրություն: Եվ ես համոզված եմ, որ նա մարզպետի պաշտոնում ամբողջությամբ կկարողանա իրականացնել այն խնդիրները, որոնք կառավարությունը այսօր իր ծրագրերում ներառել է»:

Վարչապետը նաեւ հույս հայտնեց, որ նորանշանակ մարզպետը կկարողանա կարճ ժամանակում «տիրապետել իրավիճակին». - «Բավականին լուրջ խնդիրներ կան այսօր մարզի առջեւ կանգնած, մեծածավալ շինարարական աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, որոնք վերաբերում են աղետի գոտուն, կարողանանք լուծել: Եվ դա, իհարկե, իր առանձնահատկությունն է այսօր մտցնում մարզի աշխատանքներում, որովհետեւ շուրջ 77 միլիարդ դրամի շինարարական աշխատանքներ ենք մենք իրականացնում այսօր աղետի գոտում, եւ հիմնականում Շիրակի մարզում է ծանրաբեռնվածությունը»:

Աշոտ Գիզիրյանը նախկինում ղեկավարել է Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչությունը, իսկ մինչ այդ՝ 6 տարի, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետն էր:

Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Քրեակատարողական հիմնարկների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել պետի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը: Մշեցյանը չհերքեց ու չհաստատեց շրջանառվող լուրերը, թե Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ է նշանակվելու նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG