Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանն առաջարկում է թվայնացման մասին օրինագծի շուրջ լրացուցիչ լսումներ անցկացնել


Չնայած խորհրդարանում հնչած քննադատությանը՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագիծը, ամենայն հավանականությամբ, կընդունվի առաջին ընթերցմամբ։

Չորեքշաբթի օրը օրինագիծը, որով սահմանվում է անալոգայինից թվային հեռարձակման անցման կարգը, քննադատեց անգամ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը։

«Ներկայացված օրենքի նախագիծը, խմբագրելով ամբողջ գործող օրենքը, չի լուծել թվայնացման անցնելու հետ կապված մի շարք էական խնդիրներ», - նշեց ԱԺ նախագահը՝ մանրամասնելով. - «Հստակ չեն կարգավորիչ մարմնի դերն ու գործառույթները։ Առավել եւս, հստակ չէ, թե Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը եւ Էկոնոմիկայի նախարարությունը ինչ լիազորություններով են օժտված եւ ո՞ր մարմինը ինչի համար է պատասխանատու»։

Իր ելույթի ավարտին Ազգային ժողովի խոսնակը նախ քննադատեց կառավարությանը, թերի օրինագիծ Ազգային ժողով ներկայացնելու համար, ապա առաջարկեց կազմակերպել օրենքի շուրջ լսումներ։

«Քանի որ Հանրապետական կուսակցության խմբակցությունը կողմ է քվեարկելու այս նախագծին, առաջարկում եմ առաջին ընթերցմամբ ընդունել, բայց պայմանով, որ հաջորդ շաբաթ կազմակերպելու ենք լսումներ», - ասաց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը։

Ընդդիմադիր «ժառանգություն» խմբակցությունը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու, Դաշնակցությունը, ամենայն հավանականությամբ, կողմ չի քվեարկելու, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը սպասում է իրենց ղեկավարի որոշմանը։ «Օրինաց երկիր» խմբակցությունը եւ խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը կողմ են քվեարկելու օրինագծին։
XS
SM
MD
LG