Մատչելիության հղումներ

Հեռուստաընկերությունների լիցենզավորման առաջիկա մրցույթում թվայնացման պահանջ կառաջադրվի


«2010 թվականի հուլիսի 20-ին հայտարարվելիք հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթները անցկացվելու են բացառապես նոր կարգով՝ հաշվի առնելով թվայնացման համար անհրաժեշտ պահանջները», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը։

Հուլիսի 20-ին հայտարարվելիք մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվելու 28 հեռուստաընկերություններ, որոնցից 9-ը հեռարձակվելու են հանրապետության ողջ տարածքով, 10-ը՝ մայրաքաղաքում, եւ 9 հեռուստատեսություն՝ մարզերից յուրաքանչյուրում։ Լիցենզիաները տրամադրվելու են 10 տարի ժամկետով։ Նոր լիցենզիաները սկսելու են գործել 2011 թվականի հունվարի 20-ից։

Արա Պետրոսյանը հայտարարեց, որ մայրաքաղաքում լիցենզիա ստացող հեռուստաալիքների թիվը 19-ով սահմանափակելու որոշումը պայմանավորված է տեխնիկական հնարավորություններով՝ դա «ամենաօպտիմալ տարբերակն է»։

Օրենքում առաջարկվող փոփոխությունների համաձայն, նոր լիցենզաներ ստացող հեռուստաալիքները պետք է հստակ բովանդակային ուղղվածություն ունենան։ Նախատեսվում է ստեղծել ընդհանուր, մանկական, ժամանցային, երիտասարդական, լրատվական եւ ճանաչողական ալիքներ։

Հարցին, թե մրցույթին մասնակցելու ինչպիսի՞ հնարավորություններ ունի 2002 թվականին հեռարձակման լիցենզիայից զրկված եւ հետագայում բազմաթիվ լիցենզավորման մրցույթներում անհաջողություն կրած «Ա1+» հեռուստաընկերությունը՝ Էկոնոմիկայի փոխնախարարը պատասխանեց. - «Ոնց որ տալիս եք «Ա1+»-ի անունը, կարող ենք նաեւ երրորդ, չորրորդ հինգերորդի անունը տալ, որը այսօր չկա դաշտում։ Բոլորն էլ հավասար հնարավորություններով մտնելու են լիցենզավորման մրցույթների մասնակցության դաշտ»։

Արա Պետրոսյանի խոսքով, արդեն պատրաստ է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը առաջիկայում ուղարկվելու է կառավարություն եւ Ազգային ժողով։ Նախագիծը պետք է ընդունված լինի մինչեւ հուլիսի 20-ը, որպեսզի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հնարավորություն ունենա մրցույթներն անցկացնել նոր օրենքին համապատասխան։

Թվային հեռարձակումը թույլ է տալիս առավել արդյունավետ օգտագործել հաճախականությունների տիրույթը, ստանալ հեռարձակվող տեսանյութի ավելի բարձր որակ, հեռուստառադիոհեռարձակմանը հարակցել տեղեկատվական բարձր տեխնոլոգիական այլ ծառայությունների հետ, հեռուստադիտողին հնարավորություն տալով, օրինակ, հեռուստացույցի կառավարման վահանակով մասնակցել քվեարկությունների եւ հեռուստախաղերի։

Սակայն թվային հեռարձակման անցումը նշանակում է, որ ներկայումս Հայաստանում օգտագործվող հեռուստատեսային տեխնիկայի մեծ մասը, մասնավորապես՝ հին մոդելի հեռուստացույցները, չեն կարողանալու ընդունել համապատասխան ազդանշանը։ Այս խնդիրը լուծելու նպատակով, կառավարությունը հնարավորություն է տալիս հայտարարվելիք մրցույթում հաղթող ճանաչված հեռուստաընկերություններին մինչեւ 2013 թվականը իրականացնել զուգահեռ անալոգային եւ թվային հեռարձակում՝ հեռուստադիտողներին ժամանակ եւ հնարավորություն տալով ձեռք բերել թվային ընդունիչներով նոր մոդելի հեռուստացույցեր կամ թվային ազդանշանը անալոգային ազդանշանի փոխարկող սարքեր։
XS
SM
MD
LG