Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատել է երթեւեկության անվտանգության ազգային ռազմավարությունը


Հայաստանի կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀՀ եւ Երեւան քաղաքի ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային ռազմավարությունը եւ հինգ տարվա գործղությունների ծրագիրը: ԼՐԱՑՎԱԾ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության վիճակը Հայաստանում բարվոք չէ: Չենք պահպանում անվտանգության տարրական կանոնները», - նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ, դիմելով ոլորտի պատասխանատուներին, հավելեց. - «Դուք պարտավոր եք պահանջել վարորդներից օգտագործել ամրագոտիները: Լավ կլինի, որ ոստիկանությունը իրենից սկսի, որպեսզի ոստիկանները կարողանան նույնը պահանջել նաեւ մյուս վարորդներից»:

Վարչապետի խոսքով, ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ թիվը ազդում է ոչ միայն համախառն ներքին արդյունքի, այլեւ ընդհանուր կարգուկանոնի վրա. - «Երկրում կարգուկանոնը սկսվում է հենց ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանումից: Եթե քաղաքացիները տեսնում են, որ ճանապարհային կանոնները չեն պահպանվում, վերաբերմունքը պետության նկատմամբ այլ է լինում: Ե'վ օտարերկրացիների, ե'ւ մեր քաղաքացիների վերաբերմունքը այլ է լինում»:

Փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը ընդունում է, որ նախկինում ձեռնարկված որոշակի քայլերը «ցանկալի երկարաժամկետ արդյունք չեն տվել», ինչը, ըստ նրա, ոստիկաննների անհետեւողականության արդյունքն է:

Հունանյանը ասաց, որ այսօր իսկ ցուցում է տալու ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին օգտագործել ամրագոտիները. - «Ոստիկանության աշխատակիցներից պիտի սկսենք, որ մնացածները նրանցից օրինակ վերցնեն: Կարծում եմ, այս որոշումը երկարատեւ է լինելու»:

«Չնայած այս տարի մենք մահերի եւ վրաերթերի որոշակի նվազեցում ունենք, բայց, այնուամենայնիվ մտահոգիչ է», - շարունակեց փոխոստիկանապետը՝ հավելելով, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը այս տարի 30-ով նվազել է:

Այդուհանդերձ, նրա խոսքով՝ մեր «փոքր հանրապետության համար այդ չափերի զոհերը մտահոգիչ են»:

Կառավարության հաստատած 10 միլիոն դոլար արժեքով ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային ռազմավարությունը եւ 5 տարվա գործողությունների ծրագիրը նպատակ ունի 10 տոկոսով նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացության դեպքերը:

Երեւանի փողոցներում «Ազատություն» ռադիոկայանի անցկացրած հարցումը ցույց տվեց, որ ճանապարհային վիճակից դժգոհ են բոլորը. ինչպես վարորդները, այնպես էլ երթեւեկության հետիետն մասնակիցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG