Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ իշխանություն-ընդդիմություն վեճի առանցքում


44-օրյա պատերազմից հինգ տարի անց զոհերի թիվը իշխանություն-ընդդիմություն փոխադարձ կրակահերթերի առիթ է։

«Գլխովին հայաթափես Արցախը, 5000 պայծառ երիտասարդների զոհաբերես ու ցինիկաբար հպարտանաս, որ խաղաղություն է» , - երեկ Հայաստանի առաջին նախագահն էր վարչապետ Փաշինյանին դիմել:

Վերջինս միանգամից երեք նախագահներին էր պատասխանել. «Զոհերի իրական թիվը նրանց բավարար չէ, և առիթը բաց չեն թողնում զոհերի իրենց երազած թվերը բարձրաձայնելու, մանավանդ, որ թարսի պես այդ թիվը չի ավելանում»։

Այս բանավեճը նոր չէ. պատերազմից հետո ընդդիմությունը 5000 զոհի մասին էր խոսում։ Իշխանությունն անընդհատ այդ թիվը համարում էր ուռճացված։

«Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում ասում էր 5000 զոհ։ Որտեղի՞ց այդ տվյալը։ Այսօրվա ճշգրտված տվյալով 3812 զոհ ունենք», - երեք տարի առաջ հայտարարել էր վարչապետ Փաշինյանը։

Դրանից մի տարի առաջ էլ Փաշինյանի՝ պլյուս-մինուս 50-ի մասին աղմկոտ հայտարարություն էր. «4000-ի կարգի, ներողություն այս արտահայտությունը անելու համար, պլյուս-մինուս 50»։

Նախորդող հինգ տարիների ընթացքում պարբերաբար թե՛ ընդդիմությունն ու թե՛ զոհերի ընտանիքները դիմել են իշխանությանը ամբողջական ցանկ ու հստակ տվյալներ ներկայացնելու հորդորով։

Պատերազմի ընթացքում անուն-ազգանուններով ցանկեր ներկայացվում էին, դեկտեմբերի վերջից ոչ մի ցուցակ չի հրապարակվել, թեպետ դեռ երկար շարունակվում էր մարմինների հայտնաբերման ու նույնականացման գործընթացը: Թե ինչո՞ւ ցուցակ չկա անուն-ազգանուններով, Նիկոլ Փաշինյանը բացատրում էր՝ ոչինչ չի թաքցվում, զոհերի անունները զինծառայողների ապահովագրության հիմնադրամում են։

«Ճիշտ է զոհվածների, մեր նահատակների անունները ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել, դա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, անունները հրապարակվում են այնտեղ։ 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական անունը նույնպես հրապարակվել է այնտեղ», - նշել է վարչապետը։

Փաշինյանը սա ինստիտուցիոնալ մոտեցում էր համարում, սակայն հիմնադրամի կայքում ամբողջական ցանկ լինել չի կարող, որովհետև այդտեղ հատուցում ստացածների տվյալներն են, իսկ քաղաքացիական զոհերը կամ, օրինակ, մանկատան սաները, որ չունեն հատուցվող հարազատներ, այս ցանկում չկան։

«Փնթիություն». Գեղամ Նազարյանը բնորոշում է զոհերի տվյալների հետ կապված այս ամբողջ քաշքշոցը

44-օրյա պատերազմում զոհված դիպուկահար Աբգար Նազարյանի հայրը, պատգամավոր Գեղամ Նազարյանը պատերազմի ավարտից ի վեր ահազանգում էր 44-օրյայի զոհերի ամբողջական տվյալները պետք է մեկ հարթակում լինեն, որևէ կասկած, շահարկում չպիտի լինի. «Ես ինքս չէի կարողանում երկար ժամանակ ճշտել՝ ի վերջո մենք քանի զոհ ունենք, որովհետև ում դիմում էի, ասում էին՝ «փակ է, փակ է», ի վերջո հետո մեկը այսպես թաքուն բերեց ձեռքիս մեջ դրեց, բա՝ «սա է, սա քո համար»։

«Փնթիություն». սա է այն բառը, որով Նազարյանը բնորոշում է կառավարության վերաբերմունքը, զոհերի տվյալների հետ կապված այս ամբողջ քաշքշոցը։ Ի վերջո, նրան այսօր հայտնի՞ են վերջնական թվերը։

«Ինձ հայտնի են այն թվերը, որ իրականում գոյություն ունեն։ Նոյեմբերի 10-ն է ներառյալ, որովհետև նոյեմբերի 10-ին մենք ունենք 28 զոհ։ Այդ թվերով մեր զոհված տղաների թիվը 3576 է։ Իսկ անհետ կորածներինը՝ 236, երկուսը միասին 3812, նոյեմբերի 10-ն է ներառված։ Այսօրվա տվյալ է», - նշեց Նազարյանը։

Պատգամավորին այսօր տրամադրված տվյալները, սակայն, ոչ մի կապ չունեն այն թվերի հետ, որ ստացել ենք Քննչական կոմիտե ուղարկված «Ազատության» վերջին հարցմանն ի պատասխան ամիսներ առաջ։ 44-օրյա մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 3 հազար 981 հոգի։ Նրանցից 1702-ը ժամկետային զինծառայողներ են, 860-ը՝ պայմանագրայիններ, 368-ը՝ կամավորներ, 864-ը՝ պահեստազորային, 143-ը՝ այլ զորքերի զինծառայողներ և 44-ը՝ քաղաքացիական անձինք։ 191 քաղաքացու ճակատագիր հինգ տարի անց անհայտ է։

Պատգամավոր Նազարյանին տեղեկացրինք, որ իր ունեցած զոհերի թվից 405-ով ավելի է Քննչականի տվյալը։ Գեղամ Նազարյանը կրկնեց «փնթիություն» բառը։ Ենթադրում է՝ իրեն տվել են հիմնադրամից հատուցում ստացածների թիվը, որը բոլորովին էլ ամբողջական զոհերի տվյալ չէ։

Աղետալի պատերազմից հինգ տարի անց երկրում չկա մի հարթակ, որտեղ ամփոփ տեղեկատվություն լինի բոլոր նահատակների անուն-ազգանուններով։

«Անլրջություն է». 44-օրյայի զոհերի մասին չկա Հայաստանի պատմության 9-րդ դասարանի նոր դասագրքում

44-օրյայի զոհերի մասին բառ չկա Հայաստանի պատմության իններորդ դասարանի նոր դասագրքում. «Սա անպատասխանատվություն է, անլրջություն է, որովհետև եթե չեն նշում թիվը դպրոցական դասագրքում, որը հետո հիմք է ծառայելու բուհական քննություններին կամ չգիտեմ ինչի համար, այսինքն դա պաշտոնական փաստաթղթի նման մի բան է»:

Քառօրյայի ավելի քան 100 զոհի մասին դասագրքում կարդում ենք, 2022 թվականի ադրբեջանական ներխուժման ժամանակ հայկական կողմի 220 զոհերի մասին նույնպես, 23-ի սեպտեմբերի 223 զոհերի մասին ևս տվյալ կա, Ղարաբաղյան երկրորդ պատերազմը խորագրի ներքո 44-օրյայի պատմությունն է, 10 տողում, տեքստից կարելի է ենթադրել, որ այս պատերազմում զոհեր չեն եղել։



XS
SM
MD
LG