Երևանի կենտրոնից Մալաթիա հասնելու համար 40 րոպե ավտոբուսի սպասած տղամարդն, ի վերջո, ստիպված այլ կանգառ էր գնացել, որ գոնե մի կերպ տեղ հասնի: Տրանսպորտի՝ փետրվարի 1-ից սպասվող թանկացմանն ընդառաջ բոլոր հաշվարկներն արդեն արել է։ «Ազատությանն» ասաց՝ առաջարկվող փաթեթներից օգտվել չի կարողանա. «Ես արդեն ոտքով պետք է ման գամ»։
Ամսական փաթեթը 9 հազար դրամ է, եռամսյակային տարբերակի համար պետք է 24 հազար վճարել, տարեկանն էլ կվաճառվի 90 հազար դրամով. այսինքն՝ օրինակ, 4 հոգանոց ընտանիքը, որի բոլոր անդամներն ամեն օր տրանսպորտից օգտվում են, այս փաթեթներից ամենամատչելին՝ ամսականը, ձեռք բերելու համար 36 հազար դրամ պետք է նախատեսի՝ բոլորի համար տոմս գնելու համար: Այլընտրանքը կարճաժամկետ, բայց անհամեմատ ավելի թանկ տոմսերն են, ամենաէժանը 300 դրամանոցն է:
Մյուս ուղևորներից ևս ասացին՝ այդ փաթեթները չեն կարող գնել։
Մինչ սպասվող թանկացումները հունվարի 1-ից երևանյան տրանսպորտը վճարային նոր համակարգի է անցել՝ կանխիկով այլևս հնարավոր չէ: Պետք է օգտվել «Թելսել»-ի տերմինալներից, հավելվածից կամ էլ բանկային քարտով վճարել։ Ամեն ինչ ճիշտ անելու դեպքում էլ, սակայն, գուցե մերժման ձայնը լսվի, երկրորդ փորձի դեպքում արդեն ստացվի։
Տարվա առաջին վեց օրերի ընթացքում քաղաքացիները շատ ու շատ այլ խնդիրներն էլ են արձանագրել, բացի քարտերով վճարելը։
«Կոպեկը գցում ես, թուղթ չկա, կոպեկդ ուտում է, չկա։ Հիմա մարդ կա՝ վերջին կոպեկն է», - ասաց քաղաքացիներից մեկը։
«Ազատության» մեկ ժամ տևած նկարահանումների ընթացքում վճարային տերմինալների աշխատանքի հետ կապված մի քանի դժգոհություններ եղան։
Վճարային սարքերը գտնելը նույնպես ամենահեշտ գործը չէ։
Մայրաքաղաքի ամենամարդաշատ կանգառներից մեկում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի տարածքում «Թելսել»-ի տերմինալ «Ազատությունը» չհայտնաբերեց:
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.