Ուկրաինայում ռազմական հակամարտությանը չմասնակցելը և Կիևին ֆինանսական աջակցությունից հրաժարվելը ապրիլի 12-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հունգարիայի ներկայիս կառավարության ծրագրի գլխավոր կետերից են: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, Միշկոլցում ելույթ ունենալով կառավարող «ՖԻԴԵՍ - Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության ակտիվիստների հանդիպման ժամանակ:
Շարադրելով ապագայի ծրագրերը՝ Հունգարիայի վարչապետը, ТАСС-ի փոխանցմամբ, առաջիկա տարիներին հաջող աշխատանքի չորս գլխավոր պայման է թվարկել. - «Պահպանել հասարակության ընտանեկան հիմքերը, զարգացնել աշխատանքի վրա հիմնված տնտեսությունը, փող չտալ ուկրաինացիներին և պատերազմ չսկսել»:
Օրբանը և իր թիմը հայտարարում են, որ եթե մնան իշխանության, թույլ չեն տա Եվրամիությանը «Հունգարիան ներքաշել Ուկրաինայում հակամարտության մեջ» և չեն ֆինանսավորի հարևան երկիրը իրենց բյուջեի հաշվին: Նրանց պնդմամբ՝ «Տիսա» ընդդիմադիր կուսակցությունը, հակառակը, պատրաստ է լինելու ամեն ինչում հետևել Բրյուսելին և սկսելու է ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին, նշում է ռուսական պետական գործակալությունը: