Օդեսայում ԱԹՍ հարվածներից չորս մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ նշելով, որ քաղաքում համատարած ավերածություններ են։
Ավելի վաղ քաղաքապետ Գենադի Տրուխանովը հաղորդել էր՝ Օդեսայում ԱԹՍ հարվածներից ավելի քան 500 տուն և տասնյակ այլ քաղաքացիական շինություններ մնացել են առանց հոսանքի և ջեռուցման։
Նրա հողորդմամբ,14 դպրոց և 13 մանկապարտեզ ևս մնացել են առանց հոսանքի։ Նշվում է նաև, որ էլեկտրաէներգիայի անջատումներ են հիվանդանոցներում և սոցիալական ենթակառուցվածքների այլ օբյեկտներում։ Մեկ մանկական կլինիկայի և մեկ մանկապարտեզի զգալի վնաս է հասցվել։
Meduza-ն նշում է, որ տուժած տարածքում մոտ 250 հազար մարդ է բնակվում։
Երեկ երեկոյան տեղական իշխանությունները մի քանի անգամ հայտնել են բռնակցված Ղրիմից հրթիռային հարվածների և ԱԹՍ սպառնալիքների մասին։
Ուկրաինական կողմը նշում է, որ ռուս զինվորականները պարբերաբար հարվածում են ուկրաինական խաղաղ շրջաններին։ Ռուսաստանի ղեկավարությունն էլ հերքում է թիրախային հարձակումներն ուկրաինական քաղաքների և գյուղերի, քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։