Ռուսական կողմը բալիստիկ հրթիռներով հարվածել է Օդեսայի նավահանգստին։
Հարվածի հետևանքով Ալժիր մեկնող ցորենով բեռնված նավի անձնակազմի չորս անդամներ զոհվել են, ևս մեկը՝ վիրավորվել, հայտնել է Օդեսայի ռազմական վարչակազմին կից հասարակական խորհրդի նախագահ Սերխի Բրատչուկը՝ վկայակոչելով Ուկրաինայի նավահանգիստների վարչակազմի տվյալները։
Հարվածն իրականացվել է մարտի 11-ին՝ Ուկրաինայի ժամանակով 20:17-ին։
Բրատչուկը վնասված նավի լուսանկարներ է հրապարակել։
MJ Pinar նավը կրում է Բարբադոսի դրոշը և շահագործվում է հունական ընկերության կողմից,գրում է The Maritime Executive-ը։
Նավը բեռնված է եղել 30 հազար տոննա հացահատիկով։ Անձնակազմի զոհված անդամներից երեքը սիրիացի են, մեկը՝ ուկրաինացի։ Նավի վրա անձնակազմի 12 անդամ եղել։
Նշվում է, որ բացի նավից նաև նավահանգստային ենթակառուցվածքն է վնասվել, ինչպես նաև մարտի լույս 12-ի գիշերը ԱԹՍ հարձակումներ են եղել Ուկրաինայի ևս մի քանի քաղաքների վրա։
Նախօրեին Օդեսայում ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով հրդեհ էր բռնկվել բնակելի շենքում, մանկական խաղալիքների և վառելիքի պահեստներում։
Ուկրաինական կողմը պարբերաբար հաղորդում է խաղաղ շրջանների վրա ռուսական հարձակումների մասին։ Ռուսական կողմը հերքում է ուկրաինական քաղաքների և գյուղերի վրա թիրախային հարձակումները։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն իր հերթին այսօր հայտնել է Բրյանսկի, Կուրսկի և Կալուգայի շրջանների, Սև ծովի և Ղրիմի վրա ուկրաինական 21 անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։