Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ին ներկայացրել է, թե ինչու մարտի 17-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ինքը չի մոտեցել եւ չի ողջունել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին. - «Որովհետեւ դա հակասում է քրիստոնեական իմ սկզբունքներին: Քրիստոնեությունն ինձ համար, կրոն լինելուց առաջ կամ դրանից առավել, բարոյական կոդեքս է: Իսկ այդ կոդեքսը կտրականապես մերժում է քրիստոնեական առաքինությունների` բարեպաշտության, ողորմածության, խոնարհության, հեզության, բարեգործության, այդ թվում նաեւ` ծոմապահության ցուցադրականությունը: Երբ առաքինությունը ի ցույց է դրվում, դադարում է առաքինություն լինել: Մասնավորապես ծոմապահության մասին Հայոց Եկեղեցու ամենահեղինակավոր Հայրերից մեկը` Հովհան Մանդակունին, դեռեւս 5-րդ դարում ասել է հետեւյալը. - «Սատանան կործանում է թե’ ծոմապահին, թե’ նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է դասում ու ցանկանում, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից, եւ մարդիկ տեղյակ դառնան ու հիանան իր տոկունությամբ: Այսպիսի պահքը ոչ թե մաքրում ու արդարացնում է, այլ պղծում եւ կործանում»: Ցանկության դեպքում կարելի է հարյուրավոր նման օրինակներ բերել հայ եւ համաշխարհային եկեղեցական մատենագրությունից: Ինչեւէ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, հրապարակային ծոմապահության փոխարեն, կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեր, ես ոչ միայն կողջունեի, այլեւ լիակատար զորակցություն կհայտնեի նրան»: