Ի՞նչ եղավ, ո՞վ էր մեղավոր, բարձրաստիճան զինվորականներից ովքե՞ր էին պատասխանատու 2023 թվականի հունվարին Գեղարքունիքի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի համար։ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր զորամասի հրամանատարի տեղակալ Ռուդիկ Հակոբյանն էր հարցաքննվում։
«Էդ կացարանում իրականացվող զինվորական ծառայությունը, Ձեր պատկերացմամբ, բավարա՞ր պայմաններ էր զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կերպով կազմակերպելու համա՞ր, թե՞ ոչ», - հարցրեց տուժողների շահերի պաշտպան Նորայր Նորիկյանը:
«Զորամասը առհասարակ ինքը տիպային չի եղել, այլ վերաձևավորված է եղել այլ կառույցի հիման վրա, հետևաբար՝ ոչ մի ստորաբաժանման կառույց համապատասխան չի եղել տիպային ստորաբաժանմանը, համենայն դեպս, հասցված էր էն մակարդակին, որտեղ ծառայություն կազմակերպվի: Իսկ 22 թվականի սեպտեմբերյան գործողություններից հետո առհասարակ, հակառակորդի կողմից ստիպողական գործողություններից հետո զորամասը մշտական տեղակայման վայրից լքվել է և անջատված է գործողություն իրականացրել՝ նվազեցնելով հակառակորդի կողմից հետագա գործողությունների ժամանակ դրա խոցելիությունը: Այսինքն՝ զորանոցներ են դարձել էն շինությունները, որը էդ ժամանակ հնարավոր է եղել տրամադրել», - պատասխանեց Հակոբյանը:
«Ներկայացվե՞լ է կոնկրետ էդ ոչ տիպային շենքերում իրականացվող, կազմակերպվող զինվորական ծառայության պայմանները բարելավելու, անվտանգության միջոցառումների համակարգերին համապատասխանելու մասով, թե՞ ոչ», - հարցրեց Նորիկյանը:
«Ես տեղյակ եմ, որ պետք է մոդուլային զորանոցներ կառուցվեր, նման հարցեր էր քննարկվում: Իսկ ինչ մնում է տեղյակ լինելուն, թե զորամասը ինչ պայմաններում է ծառայություն իրականացնում, բոլորը քաջատեղյակ են եղել», - պատասխանեց զորամասի հրամանատարի տեղակալը, հարցին՝ «ովքե՞ր», արձագանքելով. - «Վերադաս շտաբները, քանի որ բոլոր վերադաս շտաբներից ստուգումներ են իրականացվել, զորամասի առօրյային ծանոթ են եղել, այսինքն՝ այցելել են, տեսել են, գնացել են»:
Զոհված զինծառայողների ծնողները հետաքրքրվեցին` զորամասում եղե՞լ են հակահրդեհային միջոցներ: Տիպային զորամասերում դրանք դրվում են աջակողմյան հատվածում, սակայն այդ զորամասում տվյալ պահին չեն եղել այդ միջոցները, խոստովանեց վկան:
Մեղադրյալների փաստաբանը հայտարարեց` կեղծվել է ստորագրությունը, որը դրված է մեղադրանքի հիմքում, վկան նույնպես ընդունեց` այդ փաստաթղթի տակ ինքը չի ստորագրել։ Ըստ այդ փաստաթղթի՝ զորամասի բարձրաստիճան պաշտոնյաները հաստատել են, թե ստացել են հակահրդեհային համապատասխան միջոցներ:
«Առաջարկում եմ հայտնել, թե նշված բաշխման-հանձնման ամփոփագրի վրա Ձեր անվան դիմաց առկա ստորագրությունը Ձե՞րն է, այն կատարվել է Ձե՞ր կողմից, թե՞ ոչ», - հարցրեց փաստաբանը:
«Ոչ», - պատասխանեց Ռուդիկ Հակոբյանը:
«Շատ ուրախ եմ, որ ճիշտ պատասխան տվեցիք, որովհետև ոչ մասնագիտական աչքով տվյալ փաստաթուղթը զննելու պայմաններում ուղղակի ճչում է, որ էդ բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչների անվանումների դիմաց դրված ստորագրությունները ամենայն հավանականությամբ կատարվել են մեկ անձի կողմից», - արձագանքեց մեղադրյալների փաստաբանը:
Հարցաքննության ընթացքում Ռուդիկ Հակոբյանը մի քանի անգամ կրկնեց, որ բոլորն են տեղյակ եղել զորամասի անբարեկարգ վիճակից։
Փաստաբան Նորայր Նորիկյանն էլ նախաքննությունից դժգոհ է։
«Ակնհայտ է, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի վերնախավը մինչև ողբերգությունը տեղեկացված է եղել էդ զորամասում տիրող իրավիճակին, զորքերի պայմաններին, բնակավորման պայմաններին, կացարանների պայմաններին, առկա խնդիրներին», - ընդգծեց Նորիկյանը:
Հարցին՝ եթե բանակի բարձրաստիճան պաշտոնյաները տեղյակ են եղել իրավիճակից, ապա ինչո՞ւ իրենք էլ մեղադրյալի կարգավիճակ չունեն, Նորիկյանն արձագանքեց. - «Հենց էդ հարցադրումները մենք ինքներս ենք բարձրացրել էս երկու տարի է: Այո, մենք նշել ենք, որ տեղի է ունեցել, աղմուկ հանած իմ էն արտահայտությունը, որ փնթի նախաքննություն է տեղի ունեցել, որի արդյունքում չեն բացահայտվել բազմաթիվ հանգամանքներ, բազմաթիվ հանգամանքների վերաբերյալ վարույթ իրականացնող մարմինը չի իրականացրել մանրակրկիտ քննություն: Էս ամեն ինչը մենք ամբողջությամբ կրկին վերահաստատում ենք և ընդգծում ենք՝ այո, սույն քրեական վարույթի շրջանակներում չի իրականացվել ամբողջական, լրիվ, բազմակողմանի, հիմնավորված ու պատճառաբանված քննություն, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտված չեն»:
Տուժողների իրավունքների պաշտպանը շարունակում է պնդել, որ վկաների նախնական և այնուհետև դատարանում տված ցուցմունքների մեջ հստակ հակասություններ կան: Ըստ նրա՝ դատարանում արդեն որոշ վկաներ շատ բաներ չեն հիշում, ինչի մասին խոսել են նախնական ցուցմունքի մեջ:
Այս գործով ընդհանուր վեց մեղադրյալ կա, մեկի գործն առանձնացվածն է, խափանման միջոցը երեքի կալանքն է: