Հոկտեմբերի 18-ին Ռոման Սոպինը զանգահարել է մորը և խնդրել իրեն հագուստ փոխանցել, կանխիկ գումար և կոնտակտային լինզաներ․ նրան Կիևի փողոցից տարել էին հավաքակայան, և նա արդեն պատրաստվում էր միանալ Ուկրաինայի զինված ուժերին:
Մեկ օր անց, սակայն, երիտասարդը հայտնվեց հիվանդանոցում գլխի ծանր վնասվածքով, որը, պարզվեց, մահացու էր։ Ռոման Սոպինը մահացել է հոկտեմբերի 23-ին։
Զինվորականները պնդում են, որ Սոպինը ուշաթափվել է, ընկել և գլուխը հարվածել է Կիևի Պոդիլի շրջանում գտնվող զորակոչային կենտրոնի կոշտ հատակին։ Նրանց խոսքով՝ դեպքին ականատես է եղել մոտ տասը մարդ, այդ թվում՝ զորահավաքին մասնակցող այլ տղամարդիկ։ Զինվորականները նաև նշել են, որ նրա մարմնի վրա այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել։
Մահացած զինակոչիկի ընտանիքը և նրանց փաստաբանը, սակայն, այս վարկածին չեն հավատում։ Նրանք կասկածում են, որ մահվան վկայականում նշված բութ առարկայի հարվածից ստացած վնասվածքը՝ ուղեղի արյունազեղման, գանգի կոտրվածքների և գլխի փակ վնասվածքի հետ մեկտեղ, իրականում դիտավորյալ բռնության հետևանք է եղել։
«Մարդիկ այդպես չեն ընկնում։ Սա հզոր, պրոֆեսիոնալ հարված էր», - «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանն ասել է փաստաբան Օլեքսանդր Պրոտասը։
Նա շեշտել է, որ 43-ամյա Սոպինը առողջ է եղել և նախկինում երբևէ չի ուշաթափվել կամ, առավել ևս, դրա հետևանքով չի ընկել։ Պրոտասը նշել է, որ ինքը մի քանի դեպքերով է զբաղվել, երբ մարդկանց ծեծել են Պոդիլի, ինչպես նաև Սվյատոշինի շրջանի մեկ այլ զորակոչային կենտրոնում։
Ինչ էլ որ լինի ճշմարտությունը, Սոպինի մահը ի ցույց է դնում Ուկրաինայի զինված ուժերում անձնակազմի համալրման հետ կապված խնդիրները, այդ թվում՝ պնդումները, որ զորակոչի մեջ ներգրավված զինվորականները երբեմն բռնություն են կիրառում զորակոչիկների նկատմամբ։
Մինչ այդ Կիևի դատարանը տնային կալանք էր սահմանել երկու ոստիկանների նկատմամբ ,որոնք կասկածվում են շրջանային զորահավաքային կենտրոնի դիմաց տեղի ունեցած ծեծի ժամանակ իրենց լիազորությունները գերազանցելու մեջ։ Հոկտեմբերի 17-ին անվտանգության տեսախցիկով նկարահանված վատ որակի տեսանյութում երևում է, թե ինչպես են նրանք բազմիցս ձեռքով և ոտքով հարվածում ոստիկանական մեքենայի բաց դռան մոտ՝ փորի վրա պառկած տղամարդուն։
Երկու օր առաջ էլ Ուկրաինայի արևմուտքում գտնվող Տերնոպոլի շրջանի ոստիկանությունը ձերբակալել էր յոթ զինծառայողների, որոնք կասկածվում են մի քանի հանցագործությունների, այդ թվում՝ մի քանի տղամարդկանց նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի, խոշտանգումների և շորթման մեջ:
Տերնոպոլում ենթադրյալ տուժածներից մեկը ոստիկանությանը հայտնել է, որ իր վրա հարձակվել են հավաքագրման կենտրոնի դիմաց, ուժով նստեցրել միկրոավտոբուս և տարել անհայտ ուղղությամբ, ապա ծեծել, սպառնացել զենքով և պահանջել 50 հազար գրիվնա (մոտավորապես 1190 դոլար)՝ ազատ արձակելու դիմաց: Իշխանությունները հաղորդել են, որ կասկածյալները Տերնոպոլի մեկ այլ բնակչից մեքենա են գողացել, որը հետագայում հայտնաբերվել է Կիևի մոտակայքում։
«Ցինիկորեն անտարբեր» ոստիկանություն
Սոպինի մայրը՝ Լարիսա Սոպինան, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ փաստաբանի նման ինքն էլ չի հավատում պաշտոնական վարկածին, թե իր որդին իբր «ուշաթափվել է և ընկել»։ Նրա կարծիքով՝ դա չի համապատասխանում բութ առարկայով ստացված վնասվածքի վերաբերյալ եզրակացությանը։
Սոպինան հիասթափված է իշխանություններից, որոնք, ըստ նրա, անընդհատ խոչընդոտել են Ռոմանի հետ կատարվածը պարզելու իր ջանքերին։
«Ոչ ոք ինձ հետ ընդհանրապես չի կապվել: Ես զգում եմ, որ ոստիկանությունը ցինիկորեն անտարբեր է», - ասել է նա։
Ըստ Պրոտասի՝ երբ նա առաջին անգամ գնացել է Պոդիլի ոստիկանական բաժանմունք, իրեն ասել են, որ երիտասարդն ընկել է էպիլեպսիայի պատճառով, այն դեպքում, երբ Սոպինը էպիլեպսիայով չի տառապել։ «Ի սկզբանէ ոստիկանությունը փորձում էր թաքցնել դեպքը», - ասում է մայրը։
Կիևի ոստիկանությունն ու ռազմական իշխանությունները հերքում են գործը անտեսելու մեղադրանքները։
Բռնության դեպքերից բացի, այլ խնդիրներն էլ են խոչընդոտում Ուկրաինային՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման դիմակայելու համար ավելի շատ տղամարդկանց մոբիլիզացնելու ջանքերում։
Նախագահ Վլադիմիր Զելենսկիի կառավարությունը 2022 թվականի փետրվարին տեղի ունեցած ներխուժումից հետո մինչև 60 տարեկան տղամարդկանց արգելեց լքել երկիրը, բայց այս տարվա օգոստոսի վերջին մեղմեց այդ որոշումը՝ թույլատրելով երկրից դուրս գալ 18-22 տարեկան տղամարդկանց։ Արդյունքում, սեպտեմբերին և հոկտեմբերին այդ տարիքային խմբի տղամարդկանց շրջանում հայրենիքից հեռացման թվի կտրուկ աճ է գրանցվել։
Զորամասն ինքնակամ լքելու, դասալքության և երկրից փախուստի դեպքերը նույնպես լուրջ մարտահրավերներ են Ուկրաինայի համար։
Ըստ գլխավոր դատախազության տվյալների, որոնք հրապարակել է «Ուկրաինսկա պրավդան», 2025 թվականի առաջին ամիսներին միայն զորամասն ինքնակամ լքելու փաստով ավելի քան 110 հազար գործ է հարուցվել, ինչը ռուսական ներխուժման սկզբից ի վեր ընդհանուր թվի կեսից ավելին է։ 2022 թվականի փետրվարից ի վեր հարուցվել է նաև ավելի քան 50 հազար գործ դասալքության դեպքերի վերաբերյալ։
Ռուսաստանում նույնպես կան զորահավաքի հետ կապված խնդիրներ։ Ուկրաինայի և արևմտյան հետախուզական գործակալությունների տվյալներով՝ ավելի քան մեկ միլիոն ռուս զինվոր է զոհվել կամ վիրավորվել Ուկրաինայի ռազմաճակատում, և Ռուսաստանը շարունակում է կրել մեծ կորուստներ, մինչ իր զինված ուժերը դանդաղորեն առաջ են շարժվում Դոնեցկի շրջանի առաջնագծում։
Մոսկվան ստիպված է լինում ավելի ու ավելի մեծ ջանքեր գործադրել՝ տնտեսական սահմանափակումները հաղթահարելու և կորուստներ կրող իր զորքերը համալրելու համար։ Սակայն վերլուծաբանները նշում են՝ Պուտինը վստահ է, որ Ռուսաստանը կհաղթի և վճռական է առնվազն Դոնեցկի շրջանը ամբողջովին գրավելու հարցում, ինչը ենթադրում է, որ ֆինանսական ճնշումները և զոհերի աճող թիվը չեն ստիպի Մոսկվային մոտ ապագայում զիջումների գնալ։
Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատերազմը դադարեցնելուն ուղղված ջանքերը բախվում են Կրեմլի համառությանը, խաղաղության կամ նույնիսկ հրադադարի նշաններ չեն նշմարվում։
Հոդվածը Պրահայում գրել է Սթիվ Գուտերմանը՝ հիմնվելով «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության հաղորդած տեղեկատվության վրա:
 
 
 
 
