Մատչելիության հղումներ

5 զոհ, 11 տուժած Ճամբարակի պայթյունի հետևանքով


5 մարդ զոհվել, 11-ը հոսպիտալացվել են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ բնակավայրի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են, լրագրողներին հայտնել է Գեղարքունիքի փոխմարզպետը:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ բուժօգնություն ստացող տուժածներից 3-ին ավելի ուշ տեղափոխել են Երևանի բուժհաստատություններ: Մյուսների վիճակը գնահատվում է բավարար: Վիրավորներից 4-ը երեխաներ են: Մեկն արդեն դուրս է գրվել, 3-ը դեռ շարունակում են բուժումը Ճամբարակի հիվանդանոցում, հայտնեցին առողջապահական գերատեսչությունից:

Պայթյունի պատճառները դեռ հստակ չեն: Առավելապես տուժել են չորս հարկանի շենքի կողային հատվածի վերջին հարկերի բնակարանները:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երեք մահացածները, որոնց դիերն արդեն հայտնաբերված են, կանայք են: Քրեական գործ է հարուցվել տեղի ունեցածի պատճառները պարզելու համար: Նախնական վարկածով գազի պայթյուն է տեղի ունեցել, «Ազատությանը» հայտնեց նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը:

«Նախնական տվյալներով՝ Ճամբարակում տեղի ունեցած պատահարը գազի պայթյունի հետևանք է, ինչի հետևանքով փլուզվել են շենքի որոշակի հատված, առաջացել են փլատակներ, փրկարար ծառայության անձնակազմը բավական մեծ թվով ուժերով իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ՝ ծառայության տնօրենի ղեկավարությամբ», - նշեց նա:

Քննչական կոմիտեն ավելի ուշ փոխանցել է, որ պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք):

Նախարարությունը տարածած հաղորդագրության մեջ նաև նշում է, որ միջգերատեսչական մակարդակով, մարզային և համայնքային իշխանությունների ներգրավմամբ գնահատվում են փլուզված շենքի բնակիչների կարիքները: Դեղորայքի, սննդի կամ կացարանի կարիքի դեպքում նրանք աջակցություն կստանան: Նաև «աշխատանք է տարվում պատահարի հետևանքների չեզոքացման և այլ առաջնային ուղղություններով»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG