Անկարայում զինված հարձակման հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել, ըստ Թուրքիայի իշխանությունների՝ ևս 14-ը վիրավորվել են:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով տեղական պաշտոնյաներին, հաղորդել էին երեք զոհի և հինգ վիրավորի մասին:
Ժամեր առաջ Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան X-ի իր էջում գրել էր, որ ահաբեկչական հարձակում է եղել ավիացիայի արտադրությամբ զբաղվող TUSAŞ ընկերության վրա: «Ցավոք, զոհեր ու վիրավորներ կան»,- գրել էր նախարարը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 15․20-ին, մահապարտը ռումբ է տեղադրել: Թուրքական լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ հարձակվողները երեքն են եղել:
Հարձակվողների թվի մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա, իշխանությունները հայտնում են երկուսին չեզոքացնելու մասին:
Տելեգրամում տարածվող տեսանյութերում ծուխ է երևում, նաև կրակոցներ են լսվում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կազանում է, մինչ լրատվամիջոցները հարձակման հետևանքով զոհերի ու վիրավորների մասին էին գրում, նա հանդիպում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հանդիպման մեկնարկին Պուտինը կատարվածի առնչությամբ ցավակցություն հայտնեց: