Մատչելիության հղումներ

«Ժողովրդի ձայնով պետք է արտահայտվի նաև Աստծո ձայնը». Փաշինյանն ընտրություններով մտադիր է նաև կաթողիկոսի հարցը լուծել

«Այս ընտրություներում ժողովրդի ձայնի միջոցով պետք է արտահայտվի նաև Աստծո ձայնը»,- հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում համոզմամբ՝ ժողովուրդը հունիսի 7-ին կայանալիք ընտրություներում պետք է նաև պատասխանի հարցին՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը պետք է հեռանա, թե ոչ:

«ՀՀ քաղաքացիները պետք է պատասխանեն էս հարցին՝ ինչքանով է իրենց համար ընդունելի, որ Կտրիճ Ներսիսյանը ՀՀ-ում արդեն բավականին երկար ժամանակ եկեղեցին դարձրել է քաղաքական կուսակցություն, եկեղեցին, ըստ էության, պաշտոնապես ամբողջությամբ զբաղված է քաղաքական գործունեությամբ, հոգևոր քարոզները թողած՝ զբաղված են քաղաքական քարոզներով, այդ թվում՝ մարդիկ շատ հաճախ անցնում են օրենքի գծերը, սրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասում է վարչապետը։

Գարեգին Երկրորդի ու մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ ծավալած շուրջ մեկ տարվա պայքարից հետո վարչապետ Փաշինյանը նաև ՔՊ նախընտրական ծրագրում է ամրագրել Վեհափառին հեռացնելու իր պլանը՝ ընտրողներին ներկայացնելով ճանապարհային քարտեզի 4 քայլերը, դրանք են՝ «Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում), սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, Եկեղեցու Կանոնադրության ընդունում, որը պետք է ներառի եկեղեցու ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքությանը վերաբերող սկզբունքենրը և 4-րդը՝ սահմանված կարգով Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն։

Այսօր վաղ առավոտյան, ներկայացնելով ՔՊ նախընտրական ծրագրի եկեղեցու բարենորոգմանը վերաբերվող այս դրույթները, Փաշինյանը հղում անելով 25-րդ Սաղմոսին պնդեց՝ եկեղեցին հենց ժողովուրդն է, ժողովրդի ձայնն էլ՝ Աստծո ձայնը, իսկ ընտրություններն էլ դատ են, հետևաբար ընտրողը նաև այս հարցը պետք է լուծի՝ արտահայտելով նաև Աստծո ձայնը:

«Ես համոզված եմ, որ ժողովուրդը՝ որպես Աստծո ձայնի կրող, համաձայն՝ 25-րդ Սաղմոսի, այդ թվում՝ այս հարցում, իր դատը կլուծի 2026 թվականի հունիսի 7-ին»,- ասաց Փաշինյանը։

«Աստծո ձայնի»՝ այն է ժողովրդի քվեի օգնությամբ Գարգեին Երկրորդին հանգստի կոչելու մտադրություն ունեցող վարչապետն ընդունում է՝ եկեղեցին ու պետությունը անջատ են իրարից, բայց, միաժամանակ պարզաբանում, դա չի նշանակում դուրս լինել պետությունից: Եկեղեցին, Փաշինյանի համոզմամբ, պետք է գործի պետության մեջ և պետության սահմանած կանոններով: Մասնավորապես, գործադիրի ղեկավարը կարծում է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիների օրինակով հոգևորականներն էլ պետք է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգում ընդգրկվեն:

Վարչապետի խոսքով.- «Ինչո՞ւ է արդեն 8 տարի Կտրիճ Ներսիսյանի համար այս օրակարգն անընդունելի, մի պարզ պատճառով՝ նրանք ուզում են գործել ստվերում, չլինել հաշվետվողական եկեղեցու առջև՝ որն է ժողովուրդը»։

Ի դեպ, Վեհափառի մասին խոսելիս Փաշինյանը նրան միայն աշխարհիկ անունով չէ որ կոչում էր: Կտրիճ Ներսիսյանից բացի, Փաշինյանը տալիս էր «եկեղեցու փաստացի պետ» և «եկեղեցու գործող գլուխ» ձևակերպումները։

«Եկեղեցու գործող գլխի գործունեության արդյունքում՝ եկեղեցի-ժողովուրդ կապը գնալով ավելի ու ավելի թուլանում է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Մայր Աթոռն արդեն խստորեն դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրի եկեղեցուն վերաբերող դրույթները՝ դրանք որակելով մերժելի: Հայ Առաքելական եկեղեցին նշել է, որ ՔՊ նախընտրական խոստումներով ևս մեկ անգամ դրսևորվում է «իշխող քաղաքական ուժի գաղափարախոսության հակաեկեղեցական ողջ էությունն ու նպատակը»։


Կաթողիկոսի հեռացումը՝ ՔՊ-ի նախընտրական ծրագրում. ի՞նչ են կարծում քաղաքացիները
please wait

No media source currently available

0:00 0:02:55 0:00
Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG