Ռուսաստանն ու Ուկրաինան Ժնևում երեկ և այսօր անցկացված եռակողմ բանակցությունների արդյունքում գրեթե համաձայնեցրել են հրադադարի մեխանիզմը, սակայն տարածքների շուրջ դեռ համաձայնություն չկա, հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև անցկացված բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռազմական հարցերի շուրջ կողմերն առաջընթաց են գրանցել, սակայն հրադադարի մեխանիզմի շուրջ գրեթե ձեռք բերված պայմանավորվածությունը պահանջում է նաև քաղաքական որոշումներ, որոնք դեռ համաձայնեցված չեն։
Վլադիմիր Զելենսկին նշել է, որ տարաձայնություններ կան, նաև ամենավիճելի հարցերի, այդ թվում՝ Դոնբասի ճակատագրի շուրջ, որտեղից Ռուսաստանը պահանջում է, որ ուկրաինական զորքը դուրս գա, իսկ տարածքը հանձնվի Ռուսաստանին: Զելենսկին ասել է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունն այս ուղղությամբ. «Մինչ այժմ դիրքորոշումները տարբեր են, քանի որ բանակցությունները հեշտ չէին։ Հետևաբար, քաղաքական ուղու համար պատասխանատու ենթախումբը ինձ կներկայացնի նաև այս բոլոր նրբերանգները»:
Հանդիպման ընթացքում էլ Ուկրաինայի նախագահը Ռուսաստանին մեղադրել էր բանակցությունները ձգձգելու փորձերի համար, որոնք, ըստ նրա, «արդեն կարող էին հասնել եզրափակիչ փուլ»։
Ուկրաինական պատվիրակության ղեկավարն էլ ասել է, որ բանակցությունների երկրորդ օրը բովանդակալից էր, և առաջընթաց է գրանցվել։ Ռուստեմ Ումերովը նշել է, որ քննարկվել են ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական հարցեր, նաև անվտանգության պարամետրերը և հնարավոր որոշումների իրականացման մեխանիզմները։ Նրա խոսքով՝ պարզաբանվել են մի շարք հարցեր, իսկ որոշ հարցեր դեռ լրացուցիչ համակարգման կարիք ունեն:
«Առաջընթաց կա, բայց այս փուլում մանրամասներ չեն կարող հրապարակվել: Հաջորդ քայլը մշակված որոշումները նախագահների քննարկմանը ներկայացնելու համար անհրաժեշտ կոնսենսուսի հասնելն է։ Մեր խնդիրն է դրա համար պատրաստել ոչ միայն զուտ ֆորմալ, այլև գործնական հիմք», - նշել է նա։
Ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին էլ ասել է, որ քննարկումները դժվար էին, սակայն գործնական: Մեդինսկին, սակայն, հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
«Բանակցությունները տևեցին երկու օր. երեկ՝ շատ երկար՝ տարբեր ձևաչափերով, իսկ այսօր՝ մոտ երկու ժամ։ Դրանք դժվար էին, բայց գործնական: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա շուտով», - ասել է նա:
Մեդինսկին ավելի ուշ կրկին մեկնել է բանակցությունների վայր՝ Ժնևի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոց: Նա լրագրողներին ասել է, որ այնտեղ կրկին հանդիպել է ուկրաինական կողմի հետ։ Այլ մանրամասներ, սակայն, ռուս պաշտոնյան չի հայտնել:
Երեկվա հանդիպումից հետո ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը հայտարարել էր, թե կողմերի միջև երկխոսություն հաստատելու՝ նախագահ Թրամփի ջանքերն արդյունք են տալիս, և «նշանակալի առաջընթաց» կա բանակցություններում: Սթիվ Ուիթքոֆը սոցցանցում գրել էր, որ երկու կողմերն էլ համաձայնել են նոր տեղեկություններ փոխանցել իրենց ղեկավարներին և շարունակել աշխատանքը համաձայնության հասնելու ուղղությամբ:
Սակայն, ռուսական պատվիրակությունում France Press-ի աղբյուրները հայտնել էին, որ երեկվա հանդիպումը «շատ լարված» է անցել։ Ամերիկյան Axios-ի լրագրող Բարաք Ռավիդն իր հերթին սոցցանցում գրել էր, որ բանակցությունները «դոփում են տեղում» ռուսական կողմի դիրքորոշման պատճառով, որը ներկայացրել է պատվիրակության նոր ղեկավար Վլադիմիր Մեդինսկին: Թե կոնկրետ ինչ է պահանջել Մեդինսկին, լրագրողը չէր մանրամասնել:
Ուկրաինայի նախագահը Axios-ի նույն լրագրողին տված հարցազրույցում ասել էր, որ ուկրաինացիները չեն ընդունի որևէ համաձայնագիր, որը կներառի ուկրաինական զորքերի միակողմանի դուրսբերումը Դոնբասից և տարածաշրջանի հանձնումը Ռուսաստանին։ «Մարդիկ դա երբեք չեն ների։ Երբեք։ Նրանք չեն ների ո՛չ ինձ, ո՛չ էլ ԱՄՆ-ին»,- ասել էր Վլադիմիր Զելենսկին և դժգոհել, որ Դոնալդ Թրամփը միայն Ուկրաինային է կոչ անում զիջումների գնալ՝ խաղաղության հասնելու համար, ինչն արդար չէ:
Զելենսկին նաև հայտնել էր, որ ուկրաինական բանակցային թիմին հանձնարարել է Ժնևում բարձրացնել Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպումը կազմակերպելու հարցը, քանզի տարածքային հարցերի շուրջ տարաձայնությունները կարող են լուծվել միայն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման միջոցով։
Այս ընթացքում կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները: Ռուսական կողմը հայտնել է, որ ևս երկու բնակավայր է վերցրել Ուկրաինայի արևելքում:
Ուկրաինական բանակն իր հերթին հրթիռներով հարվածել է Բելգորոդի էլեկտրամատակարարման օբյեկտներին։ Անօդաչուներով էլ հարվածել է ռուսական Չեբոքսարի քաղաքին: Բրյանսկում ուկրաինական անօդաչուի հարվածից մեկ մարդ է սպանվել: