Ռուսաստանի Բելգորոդ քաղաքն այսօր առավոտյան կրկին կրակի տակ էր։ Նահանգապետ Գլադկովի խոսքով՝ հրետակոծության ժամանակ ութ մարդ է վիրավորվել։ Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ընդհանուր առմամբ, ուկրաինական ուժերն անցած մեկ օրում Ռուսաստանի ուղղությամբ մոտ երեք տասնյակ անօդաչու թռչող սարքեր են ուղարկել, պայթյուններ են լսվել Բրյանսկի, Բելգորոդի, Կալուգայի, Ռոստովի, Սմոլենսկի և Կուրսկի մարզերում։
Ռուսական կողմն էլ անցած գիշեր ավելի քան 50 անօդաչուներով հարձակվել էր Ուկրաինայի մայրաքաղաքի և Կիևի մարզի վրա։
Մինչ այդ՝ երեկ էլ թիրախում էր Խարկովը, որտեղ ռուսական ավիահարվածից մի կին է զոհվել, ավելի քան 40 մարդ՝ վիրավորվել։ Երկու երեխա գտնվում է ծանր վիճակում։
«Ռուսաստանն անցած երկու շաբաթվա ընթացքում միայն 640 «Շահեդ» տեսակի անօդաչու է ուղարկել Ուկրաինայի ուղղությամբ», - հայտարարել է նախագահ Զելենսկին՝ կրկին ընդգծելով, որ ուժերի այս անհավասարակշռությունը կարող է շտկվել միայն մեկ դեպքում՝ երբ Ուկրաինան արևմտյան զենքով Ռուսաստանի տարածքին հարվածելու թույլտվություն ստանա։
«Այս ահաբեկչությանը դիմակայելու միակ ճանապարհը համակարգային լուծումն է, և այդ լուծումը հեռահար հարվածներն են, որոնք մեզ հնարավորություն կտան ոչնչացնել ռուսական ռազմական ինքնաթիռներն իրենց բազաներում: Սա ակնհայտ, խելամիտ որոշում է», - ասել է Զելենսկին:
Չնայած այս հարցը քննարկվել է անցած շաբաթ Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի առաջնորդների հանդիպման ժամանակ, Վաշինգտոնը դեռ վերջնական համաձայնություն չի տվել, CNN-ին ասել է Ուկրաինայի նախագահը։ Արևմտյան մամուլը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, թե մինչ նման թույլտվություն տալը Սպիտակ տունն ուզում է Զելենսկուց ստանալ հաղթանակի պլան։ CNN-ին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, թե առաջիկայում ԱՄՆ նախագահին կներկայացնի «Ուկրաինայի հաղթանակի պլանը», որը բաղկացած է չորս հիմնական և մեկ լրացուցիչ կետերից։ Մանրամասներ, սակայն, նա չի հայտնել:
Մինչ այդ, կատաղի մարտերը ճակատում շարունակվում են։ Անցած տասն օրերին թեժ էր իրավիճակը Կուրսկում, որտեղ ռուսները փորձում էին դուրս մղել ուկրաինական ոժերին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդեց, թե ետ է գրավել երկու բնակավայր, որ մինչ այդ անցել էր ուկրաինացիների վերահսկողության տակ։ Կիևն էլ, իր հերթին, անցած շաբաթավեջին հայտարարել էր, թե հարձակում են սկսել Կուրսկի մեկ այլ ուղղությամբ և հասել հաջողության։ Անկախ աղբյուրներից այս տեղեկությունները հաստատել առայժմ հնարավոր չէ։
Թեժ է նաև արևելյան ճակատում՝ Պոկրովսկի ուղղությամբ, որի համար մարտերն արդեն մի քանի ամիս է չեն դադարում։ Ռուս զինվորականները մի քանի շաբաթ է գտնվում են ռազմավարական նշանակություն ունեցող այս քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, սակայն առայժմ չեն կարողանում ամբողջությամբ գրավել այն։ Կիևից հայտնել են, թե կանգնեցրել են ռուսների առաջխաղացումը։
Այս ֆոնին Ռուսաստանը պատրաստվում է աշնանային զորակոչին, Կրեմլն օրեր առաջ շտապել է հանգստացնել ռուսաստանցիներին, թե նոր մոբիլիզացիա հայտարարելու նպատակ չունեն։ Դա, սակայն, չի խանգարում, որ Մոսկվան պայմանագրայիններից բացի նաև միգրանտներով համալրի բանակը, հաճախ նաև՝ հակառակ նրանց կամքի։
Վերջին նման դեպքը տեղի է ունեցել ադրբեջանցիների հետ, ինչը Մոսկվայի և Բաքվի միջև դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել։ Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ, մասնավորապես, Ադրբեջանը Ռուսաստանին նոտա է ներկայացրել Ադրբեջանի քաղաքացիներ Նիհադ Ռզաևին, Էլխան Շիրինովին և Վուգար Մահարամովին բռնի ուժով Ուկրաինա՝ մարտական գործողությունների գոտի ուղարկելու համար։ Նրանք, ըստ Բաքվի, ձերբակալվել էին Չեչնիայում միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար։