Մատչելիության հղումներ

Զելենսկին հաղթանակի 4 բաղադրիչ է նշում, Ռուսաստանը՝ հարյուրավոր հրթիռներ արձակում Ուկրաինայում թիրախներին


Ուկրաինա - Ռուսական հարվածի հետևանքները Զապորոժիեում, 27-ը օգոստոսի, 2024թ.
Ուկրաինա - Ռուսական հարվածի հետևանքները Զապորոժիեում, 27-ը օգոստոսի, 2024թ.

Ուկրաինան չի «օկուպացնում» Ռուսաստանի Կուրսկի մարզը, այլ  բուֆերային գոտի է ստեղծում, այսօր կրկին հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ուկրաինական բանակը, գրավելով ռուսական տարածքը, փորձել է կանխել Ուկրաինայի Սումիի, Չեռնիգովի և Խարկովի մարզերի օկուպացումը. այս երեք շրջանները սահմանակից են Ռուսաստանին և ամեն օր հարվածի տակ են:

«Մեզ օտար հողեր պետք չեն, և մեր ժողովուրդը չի վերաբերվում խաղաղ բնակչությանը ինչպես կենդանիների», - ասել է նա: Զելենսկին նաև շեշտել է, որ Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերը փորձում են հնարավորինս շատ ռուս զինվորականների գերի վերցնել:

Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի տարածք են մտել օգոստոսի 6-ին և արդեն չորրորդ շաբաթն է՝ մի քանի սահմանային շրջաններ են պահում։ Այսօր ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Սիրսկին հայտարարել է, որ Ուկրաինան վերահսկում է Կուրսկի մարզի 100 բնակավայր և կարողացել է գերեվարել 594 ռուս զինվորականի։ Ռուսական կողմը սրան դեռ չի արձագանքել:

Ուկրաինայի ղեկավարությունը բազմիցս ասել է, թե Կուրսկի ուղղությամբ հարձակման հիմնական նպատակներից մեկը ռուսական զորքերին այլ ուղղություններից, այդ թվում՝ Պոկրովսկից և Կուրախովոյից շեղելն էր: Այսօր այդ մասին կրկին հայտարարել են և՛ Զելենսկին, և՛ Սիրսկին: Սակայն, թեև ուկրաինական հարձակումը հաջողություն է արձանագրել, համենայնդեպս, ռուսական ուժերը չեն կարողացել հետ մղել ուկրաինական ստոաբաժանումները մինչ օրս, ռուսները, Սիրսկիի խոսքով, Պոկրովսկի ուղղությունից զորքեր չեն հանել և մոտենում են քաղաքին, որի բնակչությունն Ուկրաինայի իշխանությունները տարհանում են: Մոսկվան այնտեղ է կենտրոնացրել հիմնական և ամենամարտունակ ստորաբաժանումները, ասում է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը:

Զելենսկին այսօր այնուամենայնիվ պնդել է, թե Կուրսկի գործողությունը դանդաղեցրել է Ռուսաստանի հարձակման տեմպերը Դոնբասում, այդ թվում՝ Պոկրովսկի ուղղությամբ։ Այս պահի դրությամբ, Ուկրաինայի նախագահի խոսքով, Ռուսաստանին հաջողվել է օկուպացնել Ուկրաինայի տարածքի 27 տոկոսը։ Ուկրաինան միևնույն է հաղթելու է, ասում է նախագահ Զելենսկին և պնդում, որ հաղթանակի պլան կա մշակված:

«Սեպտեմբերին ես այդ պլանը ներկայացնելու եմ ԱՄՆ նախագահ Բայդենին ու թեկնածուներին, քանի որ մենք չգիտենք, թե նրանցից ով է հաղթելու: Հաղթանակի ծրագիրը չորս բաղադրիչ ունի, որոնցից մեկը հարձակումն է Կուրսկի մարզում։ Մյուսները՝ Ուկրաինայի ռազմավարական տեղն աշխարհի անվտանգության ենթակառուցվածքում, միջազգային ճնշումը Ռուսաստանի վրա, արևմտյան տենտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ», - մանրամասնել է նա:

Զելենսկին խոստովանում է, որ ծրագրի ճակատագիրը մեծամասամբ կախված է ամերիկյան աջակցությունից:

Իսկ մինչ այդ, ռուսները երկու օր շարունակ զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային. Կրիվոյ Ռոգում՝ հյուրանոց, Զապորոժիեի և Խարկովի մարզերում էլ՝ ենթակառուցվածքներ են վնասվել։ Կան զոհեր և վիրավորներ:

Գիշերը երեք պայթյուն է լսվել նաև Կիևում։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ ռուս զինվորականները համակցված հարված են հասցրել՝ օգտագործելով հարձակողական անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ, թևավոր և աէրոբալիստիկ հրթիռներ։ Կիևի օդում ՀՕՊ ուժերը խոցել են մոտ 15 թռչող սարք և մի քանի հրթիռ։

Կրիվոյ Ռոգում «Ավրորա» հյուրանոցի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, հինգը` վիրավորվել, հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավարը։ Չորսհարկանի շենքը մասամբ ավերվել է: Բացի հյուրանոցից, վնասվել է մոտակայքում գտնվող վեց խանութ, չորս բազմահարկ շենք և ութ մեքենա։

Միաժամանակ, չեն դադարում մարտերը և՛ ռազմի դաշտում, և՛ ռուս - ուկրաինական սահմանին: Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում գրել է, որ տեղեկություն է հայտնվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի մարզի սահմանը ճեղքելու փորձի մասին։ «Պաշտպանության նախարարության տվյալներով՝ իրավիճակը սահմանին մնում է ծանր, բայց վերահսկելի։ Մեր զինվորականները պլանային աշխատանքներ են իրականացնում», - գրել է ռուս պաշտոնյան:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և Անվտանգության դաշնային ծառայությունը չեն մեկնաբանել Բելգորոդի մարզի սահմանը ճեղքելու փորձի մասին ակտիվ տարածվող լուրերը։ Պաշտպանության նախարարությունը միայն հայտնել է, թե գիշերն ու առավոտյան չորս ուկրաինական անօդաչու թռչող սարքեր փորձել են գրոհել Բելգորոդի մարզը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG