Երեկ Լոնդոնում եվրոպացի դաշնակիցների հետ խաղաղության ամերիկյան ծրագիրը մի քան ժամ քննարկելուց հետո Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե տարածքների հարցը մնում է չլուծված: Վլադիմիր Զելենսկին բացառել է տարածքների զիջումը՝ ասելով, որ դա արգելվում է թե՛ երկրի Սահմանադրությամբ, թե՛ միջազգային իրավունքով։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ամերիկյան ծրագրի 28 կետերը կրճատվել են մինչև 20. հանվել են Կիևի համար առավել խնդրահարույց դրույթները, թե որոնք՝ չի մանրամասնել: Նաև ասել է, որ այսօր կավարտեն ծրագրի վրա աշխատանքը և այն կներկայացնեն Վաշինգտոնին: Ըստ Զելենսկիի՝ խնդրի կարգավորման համար շատ կարևոր է, որ Եվրոպան, Ուկրաինան և ԱՄՆ-ը միասնական լինեն:
«Կան որոշ հարցեր, որ չենք կարող կարգավորել առանց ամերիկացիների, և որոշ հարցեր, որոնք չենք կարող լուծել առանց Եվրոպայի։ Ահա թե ինչու մենք պետք է որոշ կարևոր որոշումներ կայացնենք», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին նաև հայտնել է, որ այս շաբաթ կկայանա Կիևի դաշնակիցների ևս մեկ հանդիպում՝ ընդլայնված կազմով։
Դաունինգ Սթրիթ 10-ում հանդիպումից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն աջակցություն է հայտնել Ուկրաինային՝ նշելով, որ ցանկացած հրադադար պետք է լինի արդար և տևական: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն էլ նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է կայուն և ամուր խաղաղություն, ապա հավելել՝ Եվրոպան «շատ հաղթաթղթեր ունի իր ձեռքին». - «Ֆինանսավորումը և … տեխնիկան … այն, որ Ուկրաինան դիմադրում է այս պատերազմում, և այն, որ Ռուսաստանի տնտեսությունը սկսում է տուժել, հատկապես մեր և ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցներից հետո»։
Գերմանիայի կանցլերն էլ ասել է, որ կշարունակեն աջակցությունն Ուկրաինային, քանզի այս երկրի ապագան կապված է Եվրոպայի ապագայի հետ։ Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է՝ ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի Եվրոպայի հաստատակամությունը Ուկրաինային աջակցելու հարցում, ապա նշել, որ «թերահավատորեն» է վերաբերվում ամերիկյան պլանի որոշ դրույթներին, թեև չի մանրամասնել, թե որ կետերը նկատի ունի:
«Մենք ամուր կանգնած ենք ... Ես թերահավատ եմ որոշ մանրամասների նկատմամբ, որ տեսել ենք ԱՄՆ-ի ներկայացրած փաստաթղթերում, բայց մենք պետք է խոսենք այս մասին», - նշել է կանցլերը:
Երկու ժամ բանակցելուց հետո Մերցն ու Մակրոնը հեռացել են Դաունիգ Սթրիթից, որտեղ Զելենսկին և Սթարմերը շարունակել են հանդիպումը:
Ապա Ուկրաինայի նախագահը Լոնդոնից մեկնել է Բրյուսել, որտեղ ամերիկյան պլանը քննարկել է Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահների ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Անտոնիու Կոշտան հանդիպումից հետո հայտարարել են, որ խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է հարգի Ուկրաինայի ինքնիշխանությունը և անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ ապահովի:
Մինչ Ուկրաինան և Եվրոպան ամերիկյան պլանին պատասխան առաջարկներ են մշակում, ամերիկյան Axios-ը մանրամասները է հայտնել բանակցություններից: Ուկրաինացի երկու պաշտոնյայի հղումով թերթը գրում է, որ ԱՄՆ-ը սաստկացնում է ճնշումը Զելենսկիի վրա, որպեսզի նա տարածքային զիջումների գնա:
Ըստ պարբերականի՝ Կիևը համարում է, որ ամերիկյան ծրագրի որոշ դրույթներ ձեռնտու են Մոսկվային, և որ ԱՄՆ-ն ավելի շատ ճնշում գործադրում է Զելենսկիի վրա, քան Ռուսաստանի նախագահի։ Axios-ի ամերիկացի աղբյուրներից մեկը, սակայն, պնդել է, թե Վլադիմիր Պուտինին ևս ստիպում են զիջումների գնալ:
Պարբերականի տվյալներով՝ բանակցությունները հիմա կենտրոնացած են երկու հարցի վրա: Առաջինը Ռուսաստանի պահանջն է, որ Ուկրաինան իր զորքը դուրս բերի ամբողջ Դոնեցկից և Լուգանսկից, երկրորդը՝ Ուկրաինայի խնդրանքն է, որ ԱՄՆ-ն անվտանգության հուսալի երաշխիքներ տրամադրի՝ ապագայում ռուսական հնարավոր ագրեսիան կանխելու համար։
Այս ֆոնին ԱՄՆ նախագահը Ուկրաինային քննադատել է պատերազմի պատրվակով նախագահական ընտրություններ չանցկացնելու համար: Politico-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփն ասել է, որ ժամանակն է ընտրություններ անցկացնել, քանզի ուկրաինացիները պետք է ունենան այդ հնարավորությունը:
«Եվ գուցե Զելենսկին հաղթի։ Ես չգիտեմ, թե ով կհաղթի։ Բայց նրանք վաղուց ընտրություններ չեն անցկացրել։ Նրանք խոսում են ժողովրդավարության մասին, բայց ամեն ինչ հասնում է այն կետին, երբ դա այլևս ժողովրդավարություն չէ», - ընդգծել է Թրամփը:
Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները: Ռուսական անօդաչուի հարվածից Կրամատորսկում երկու երեխա է վիրավորվել: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ ռուսական զորքն առաջ է շարժվում առաջնագծի ամբողջ երկայնքով:
Ուկրաինական անօդաչուն Չուվաշիայի մայրաքաղաք Չեբոքսարիում հարվածել է բնակելի շենքի, կա ավելի քան 10 վիրավոր: Ուկրաինական «Նաֆթոգազ»-ը հայտնել է, որ ռուսական անօդաչուները հարվածել են ընկերության ենթակառուցվածքներին:
Փոխադարձ հարվածներին զուգահեռ, Կրեմլում այսօր «Հայրենիքի հերոսների օրվա» առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ նախագահ Պուտինը «Ոսկե աստղ» մեդալներ է հանձնել ուկրաինական ճակատում «բացառիկ քաջություն և հերոսություն» ցուցաբերած զինծառայողներին և նրանց հարազատներին: