Մատչելիության հղումներ

Զելենսկին ԱՄՆ-ի բանակցողների հետ քննարկել է, թե ինչպես մոտեցնել խաղաղությունը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նրա փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ: Իր սոցցանցերի էջերում Զելենսկին հայտնել է, որ «դա իսկապես լավ զրույց էր», որի ընթացքում քննարկել են ինչպես մոտեցնել խաղաղությունը:

Նրա հաղորդմամբ՝ խոսել են մանրամասների մասին, քննարկել «լավ գաղափարներ»:

Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը նախատեսում է մեկ այլ զրույց ունենալ ԱՄՆ ներկայացուցիչների հետ նույն օրը ավելի ուշ:

«Մենք իսկապես աշխատում ենք 24/7 ռեժիմով, որպեսզի մոտեցնենք Ուկրաինայի դեմ ռուսական այս դաժան պատերազմի ավարտը և ապահովենք բոլոր փաստաթղթերի և քայլերի իրատեսությունը, արդյունավետությունն ու հուսալիությունը», - ասել է նա:

Այս շաբաթվա սկզբին Զելենսկին ներկայացրեց 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրի նախագիծը, որը նա բնութագրեց պատերազմը դադարեցնելու հիմնավոր հիմք:

Նախագիծը նախնական 28 կետից բաղկացած պլանի կրճատված տարբերակն էր, որը ԱՄՆ-ն ավելի վաղ քննարկել էր ռուսական կողմի հետ:

Այնուամենայնիվ, նոր նախագծում ևս առանցքային տարածքային հարցերը մնում են չլուծված, ավելի վաղ շեշտել է Զելենսկին՝ հավելելով, որ առավել զգայուն հարցերի լուծման համար կպահանջվի հանդիպում Թրամփի հետ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Մոսկվան վերլուծում է պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթերը, որոնք ԱՄՆ-ից Մոսկվա է բերել Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG