Մատչելիության հղումներ

Խաղաղության բանակցություններից առաջ Զելենսկին հրաժարվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հավակնություններից


Ուկրաինայի նախագահն այսօր հայտարարել է, որ խաղաղության ծրագիրը բոլորին դուր չի գա. «Իհարկե, ցանկացած ծրագրի ձևաչափում կան բազմաթիվ փոխզիջումներ: Ամենակարևորն այն է, որ ծրագիրը լինի հնարավորինս արդար, հատկապես Ուկրաինայի համար, քանի որ Ռուսաստանն է սկսել պատերազմը»:

Զելենսկին ասել է, որ ամերիկյան կողմը դեռևս չի արձագանքել Ուկրաինայի կողմից խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ վերջին առաջարկներին։ Զելենսկիի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ոչ բոլոր երկրներն են ներկայումս պատրաստ ընդունել Ուկրաինային, ուստի Կիևը, ինչպես Զելենսկին է ասել, պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի և Եվրոպայի անվտանգության երաշխիքները որպես փոխզիջում՝ մնալով ՆԱՏՕ-ից դուրս։

Այսպիսով, Արևմուտքի անվտանգության երաշխիքների դիմաց Ուկրաինան հրաժարվում է ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին միանալու իր հավակնությունից՝ որպես Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու փոխզիջում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս է պահանջել, որ Ուկրաինան պաշտոնապես հրաժարվի ՆԱՏՕ-ի անդամակցության իր հավակնություններից:

Ուկրաինայի առաջնորդը հայտարարել է նաև, որ այժմ պատրաստվում են առաջիկա օրերին ամերիկյան կողմի և եվրոպացի գործընկերների հետ հանդիպումներին և, որ Բեռլինում բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն:

«Ամենակարևորը, ես կհանդիպեմ նախագահ Թրամփի դեսպանների հետ, ինչպես նաև հանդիպումներ կլինեն մեր եվրոպացի գործընկերների, բազմաթիվ առաջնորդների հետ՝ խաղաղության հիմքերի՝ պատերազմին վերջ դնելու քաղաքական համաձայնագրի վերաբերյալ։ Մենք աշխատում ենք Ուկրաինայի համար արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար: Այս օրերի ընթացքում Բեռլինում մենք հնարավորինս ակտիվ և կառուցողական կաշխատենք բոլոր նրանց հետ, ովքեր կարող են իսկապես համաձայնագիրը նորմալ պայմանների բերել», - գրել է Զելենսկին:

Նախօրեին հաղորդվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Բեռլինում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի այլ առաջնորդների հետ:

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ Բեռլինը կհյուրընկալի առաջնորդներին, այդ թվում՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարներին, հաջորդ երկուշաբթի՝ Զելենսկու՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ գերմանա-ուկրաինական բիզնես ֆորումին մասնակցելուց մի քանի ժամ անց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG