«Զանգեզուրի միջանցքի» հարցն այլևս հասցեագրված է և արդիական չէ Կոպենհագենի հայտարարությունից հետո, ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա պնդեց, որ թեմային անդրադառնալու օբյեկտիվ հիմքեր չկան:
«Այո, եղավ շատ լուրջ քննարկում ամենաբարձր մակարդակով և ամենահեղինակավոր միջազգային հարթակներում, և այդ քննարկման արդյունքում հարցը հասցեագրվեց Կոպենհագենում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով թողարկված հաղորդագրությանը: Հետևաբար գոնե ինձ համար այդ հարցը չկա, դա չկա նաև տեքստային մակարդակով, քաղաքական մակարդակով», - նշեց Փաշինյանը:
Նա հավելեց, որ վաշինգտոնյան համաձայնագրերով կա TRIPP նախագիծ ՀՀ տարածքում և այլևս ոչինչ:
«Լրացուցիչ վերահաստատում ենք ՀՀ պաշտոնական դիրքորոշումը, որ ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP ուղի նախագծերը, ուրիշ նախագիծ չկա և չի կարող լինել», - ասաց վարչապետը:
Ըստ նրա՝ այս հարցի մասին եզրակացություններ անելիս պետք է առաջնորդվել թղթի վրա արձանագրվածով:
Փաշինյանը գոհունակություն հայտնեց Կոպենհագենում ադրբեջանական կողմի հետ քննարկումներից, ինչպես նաև խաղաղության ինստիտուցիոնալիզման ճանապարհից:
Սյունիքով անցնող ճանապարհի մի հատվածը, որ պետք է Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանի հետ կապի, Բաքվից արդեն հինգերորդ տարին է՝ անվանում են «Զանգեզուրի միջանցք»: Երկու ամիս առաջ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով Սյունիքի ճանապարհի 42 կիլոմետրանոց հատվածը ստացավ «Թրամփի ուղի» անվանումը, բայց Բաքուն չհրաժարվեց իր նախընտրած ձևակերպումից: Ո՛չ վարչապետի հրապարակային դժգոհությունը, ո՛չ Կոպենհագենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը չէին փոխել իրավիճակը: