Ռուսաստանը Ադրբեջանի հետ շփումներում բարձրացնում է Ղարաբաղից փախստականների հարցը, նրանք տուն վերադառնալու հնարավորություն ունեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինչին մենք իրոք ապրումակցում ենք՝ իրենց տները լքած մարդկանց ճակատագիրն է: Որոնց կյանքը դասավորվել էր, ձևավորվել, իսկ ոմանց մոտ՝ սկսվել էր այնտեղ: Մարդիկ այնտեղ հուղարկավորված մտերիմներ, հարազատներ ունեն, ընտանիքների ամբողջ կյանքը, ընտանիքների պատմությունն է այդ վայրի հետ կապված: Դա վիթխարի ողբերգություն է, որում, դուք էլ հասկանում եք, շատ տեսանկյուններ և նրբերանգներ կան», - РИА "Новости" գործակալության փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան:
«Մենք մեկ անգամ չէ, որ մեկնաբանել և ընդգծել ենք Բաքվի կառուցողական քայլերը՝ ուղղված հարազատ վայրերը լքած բնակչությանը վերադարձի հնարավորություն տալուն: Ես ազնվորեն կասեմ ձեզ՝ այդ հարցը բարձրացնում ենք ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ շփումներում, ստանում ենք համապատասխան պարզաբանումներ», - վստահեցրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
«Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել՝ վերադարձի հնարավորություն ընձեռվել է... Վերադարձի հնարավորություն եղել է և կա: Եթե մարդիկ հետաքրքրված են իրենց տների, հարազատ վայրերի պահպանմամբ, հավանաբար պետք է օգտվել այդ հնարավորությունից: Մեկ անգամ ևս ընդգծեմ՝ այն ախր կա», - ասել է Զախարովան:
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աչքի առաջ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում: