Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ու Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին շուրջ մեկ ժամ հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է «Ազատության» վրացական ծառայությունը՝ վկայակոչելով «Վրացական երազանք»-ի հաղորդագրությունը։
«Վրացական երազանք»-ի փոխանցմամբ, հեռախոսազրույցը կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։
Ըստ հաղորդագրության՝ Մակրոնը «ցանկություն է հայտնել նպաստելու ստեղծված իրավիճակի լիակատար լիցքաթափմանը»՝ շեշտելով, որ ցավում է Վրաստանում ստեղծված իրավիճակի համար։
Իվանիշվիլին ողջունել է համատեղ ջանքերի գաղափարը։
Մակրոնն ու Իվանիշվիլին պայմանավորվել են առաջիկա օրերին կրկին զրուցել՝ գնահատելու ձեռք բերված առաջընթացը։
Ավելի ուշ պաշտոնական Փարիզը հաստատեց՝ զրույցը կայացել է Մակրոնի նախաձեռնությամբ։
Ըստ Ելիսեյան պալատի՝ Ֆրանսիայի նախագահը դատապարտել է քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների ահաբեկումները, խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնի գործողությունները։ Մակրոնը կոչ է արել ազատ արձակել կամայականորեն ձերբակալված բոլոր անձանց ու հարգել խոսքի ու հավաքների ազատությունը։
Վրաստանում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը կասեցնում է Եվրամիության հետ բանակցությունները: Ակցիաներն ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով, ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառում ցուցարարների նկատմամբ։