ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը «հնարավոր է միտումնավոր ձգձգում է» Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը։
«Կարծում եմ՝ Ռուսաստանը ցանկանում է վերջ դնել այս ամենին, բայց հնարավոր է՝ նաև ժամանակ է ձգում։ Ես ինքս երկար տարիներ այդպես եմ արել՝ «չեմ ցանկանում պայմանագիր ստորագրել, ուզում եմ երկար ժամանակ խաղի մեջ մնալ, բայց գուցե ընդհանրապես չեմ ուզում դա անել», ես վստահ չեմ, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կցանկանար, որ այս ամենն ավարտվեր, մտածում եմ, որ նաև Զելենսկին [Ուկրաինայի նախագահ] կցանկանար», - ասել է ԱՄՆ նախագահը՝ Newsmax-ին տված հարցազրույցում՝ այլ մանրամասներ չներկայացնելով։
Թրամփը հավելել է, որ ամեն շաբաթ հակամարտության երկու կողմերը միջինը 2500 զինվոր են կորցնում։
«Զոհվողներն ամերիկացիներ չեն, բայց դա ինձ համար նշանակություն չունի։ Առաջնագծից լուսանկարներ եմ տեսնում, որ կնախընտրեի նույնիսկ չտեսնել՝ ամենուր ձեռքեր, ոտքեր, գլուխներ», - ասել է ԱՄՆ նախագահը՝ շեշտելով՝ «ուղղակի ուզում եմ, որ այս ամենը վերջանա»։
Ջիդդայում մարտի 11-ին տեղի ունեցած բանակցություններից հետո ԱՄՆ-ն ու Ուկրաինան համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը և քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ Հայտարարությունից ժամեր անց սակայն Մոսկվան ու Կիևը հայտարարեցին ԱԹՍ զանգվածային հարվածների մասին։
Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով Սաուդյան Արաբիայում Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան մարտի 25-ին բանակցեցին։
Սպիտակ տունը, ամփոփելով այդ հանդիպումը, հայտարարել է՝ ԱՄՆ-ը և Ուկրաինան պայմանավորվել են՝ Սև ծովում ապահովել անվտանգ նավարկություն, վերացնել ուժի կիրառումը և կանխել առևտրային նավերի օգտագործումը ռազմական նպատակներով: Նշվում է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է ռազմագերիների փոխանակման, կալանավորված խաղաղ բնակիչների ազատ արձակման և բռնի կերպով տեղափոխված ուկրաինացի երեխաների վերադարձին օգնելու հարցերում:
Մարտի 24-ին Էլ Ռիյադում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էին 12 ժամից ավելի բանակցել, սակայն արդյունքում այդպես էլ որևէ կոնկրետ համաձայնության մասին չհայտարարվեց: Ավելի վաղ հաղորդվում էր, որ քննարկելու են Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման և էներգետիկ օբյեկտներին 30 օր չհարվածելու՝ ամերիկյան առաջարկը: