Մատչելիության հղումներ

Ըստ Թաթոյանի՝ ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքում առաջ են եկել. Պապիկյանը հերքում է

Լրացված
Նախկին օմբուդսմեն, «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ասուլիսի ժամանակ, արխիվ
Նախկին օմբուդսմեն, «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներում ավելի են ամրապնդվել ու տեղ-տեղ էլ առաջ եկել, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն է պնդում՝ արբանյակային լուսանկարները վերլուծելով ու համեմատելով:

«Ադրբեջանական իշխանությունը շարունակում է, սալյամիի պես ուղղակի, մեր երկրից, մեր սուվերեն տարածքներից վերահսկողության տակ վերցնել ու նորից էլի ներխուժել ու կտրատել մասեր: Սա այն գինն է, որ այս իշխանությունը խաղաղության համար հռչակել է», - այսօր հայտարարեց Թաթոյանը՝ հավելելով. - «Եվ հիմա ես փաստերով, կոնկրետ ապացույցներով կներկայացնեմ, թե որոնք են դրանք»:

Ըստ նախկին օմբուդսմենի՝ Հայաստանի խորքերում, Վարդենիսից մինչև Ջերմուկ, ադրբեջանցիների դիրքերը բարելավվել են անցած ամռանը՝ հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում, Վաշինգտոնում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրումից առաջ:

«Փաստերից ակնհայտ է, որ երբ նրանք իմացել են, ադրբեջանական իշխանությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգներում օգոստոսի 8-ին այդ փաստաթղթերի՝ TRIPP-ի, այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման իրադարձությունների մասին, արագ նախաձեռնել են այդ գործողությունները՝ ակնհայտ իմանալով, որ ստորագրումից հետո չեն կարողանալու այդպիսի քայլերի դիմել: Հայաստանի իշխանությունները, բնականաբար, իմացել են այդ մասին և թաքցրել են մեր հանրությունից, ես վստահ եմ՝ նաև թաքցրել են Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերներից», - ասաց Թաթոյանը:

Ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներում կիլոմետրերով խորացել են 44-օրյա պատերազմին հաջորդած երկու տարիներին: Արբանյակային պատկերները մեծ էկրանին ցուցադրելով՝ Թաթոյանը բացատրում էր՝ որտեղ ինչպես են ամրապնդվել: Վարդենիսում, ըստ նրա, նոր դիրք է ավելացել, որ մինչև անցած հուլիս չի եղել, ու թաքստոցներ:

«Նորից էլի, մինչև հուլիսի 31-ը սրանք գոյություն չեն ունեցել: Օգոստոսի մինչև 19-ը արդեն արբանյակային լուսանկարներում նրանք կատարել են շատ խոշոր ամրաշինական աշխատանքներ, այստեղ հատուկ, դրանք կոչվում են նաև կապոնյերներ, այսինքն՝ թաքստոցներ հատուկ, որոնք կարող են օգտագործվել ռազմական մեքենաների համար, տանկերի համար», - շարունակեց նախկին օմբուդսմենը:

Տվյալ դիրքից ուղիղ նշանառության տակ են Սոթքի ոսկու հանքը, արոտավայրերն ու Կութ գյուղը: Ըստ Թաթոյանի՝ ադրբեջանցիները թաքստոցից բացի արևային կայաններ են տեղադրել ու ճանապարհներ կառուցել:

«Ոչ միայն Վարդենիսում և Գեղարքունիքի մարզում են, նաև՝ Վայոց ձորում, մասնավորապես՝ Ջերմուկի տարածքում», - պնդեց Թաթոյանը:

Փաշինյանի իշխանության խաղաղության քարոզին զուգահեռ, ադրբեջանցիները ակտիվ ամրապնդվել են նաև Ջերմուկում՝ ըստ Թաթոյանի բացահայտման: Այստեղ էլ առաջ են եկել, ակտիվ շինաշխատանքներ ծավալել ու ամրացել: Այնպես են դիրքավորվել, որ խոշոր տրամաչափի զինատեսակներով էլ կարող են գրոհել:

«Սա արդեն Ջերմուկն է նոր արբանյակային լուսանկարներով, և մենք տեսնում ենք, որ էլի նորից մինչև օգոստոս սրանք տեղի ունեցած նոր բարելավումներն են և վերահսկողության ընդլայնումն է ու ներխուժում Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ», - նշեց նախկին օմբուդսմենը:

Արման Թաթոյանը «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավարն է ու վարչապետի թեկնածուն, պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Ինչո՞ւ ավելի շուտ չէր ահազանգում Հայաստանի խորքում ադրբեջանցիների ամրապնդման մասին. - «Շատ պարզ՝ որովհետև նոր ենք բացահայտել», - ասաց նա:

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց. - «Այդ հրատապ ասուլիսները, հարայ-հրոցը զուտ նրա համար է, որպեսզի ես արձագանքեմ ու իրենց զրուցակից դառնամ... Ես շատ կարճ կպատասխանեմ՝ ձեր նշած անձնավորությունը [Արման Թաթոյանը] ստում է, նման բան չկա, սիրելի հայրենակիցներ»:

Իշխող խմբակցության պատգամավոր, կրթության հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն է հերքել, թե եթե նման բան լիներ, բոլորն էլ կիմանային:

«Թաթոյանը ամեն ինչ կարա, դուք էլ ասեք, հետո՞: Էդ անեկդոտը չեք լսե՞լ: Որ էդպես լիներ, դուք կիմանայիք՝ Թաթոյանից առաջ», - լրագրողներին ասաց Գաբրիելյանը:

Պատգամավորը ի՞նչ գիտի, որ սուտ է Թաթոյանի բացահայտումը, ինչի՞ հիման վրա է պնդում: Սիսակ Գաբրիելյանը կարծում է՝ փոքր Հայաստանում ադրբեջանցիների նոր տեղաշարժը չէր կարող այդ տարածքներին մոտ ապրող բնակիչների աչքից վրիպել:

«Հայաստանի Հանրապետությունը, ցավոք սրտի, չգիտեմ, մեր հարևան մի քանի երկրների չափ տենց միլիոնից ավել քառակուսի կիլոմետր տարածք չի: Դուք ուզում եք ասել, որ Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 կիլոմետր փոքր տարածքում ինչ-որ բան է տեղի ունեցել, և դրա մասին մեկ տարի հետո Թաթոյանն է իմացե՞լ: Բա էդտեղ գյուղեր չկային, մարդիկ չկային ... Մի հատ տենց ինչ-որ բան է լինում, էդ հեռավոր գյուղերից մի հատ, ինչ-որ, մանկապարտեզում հացի մեջ մի հատ մազ է լինում, դուք առաջինը դրա մասին գիտեք, էդ ո՞նց եղավ, որ ձեր նշած վեց տեղերը տենց առաջ տվեցին, վայ, մի տարի է՝ ոչ մեկ չգիտի, Թաթոյանը էսօր ասեց», - ընդգծեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը:

Ըստ պաշտոնական Երևանի՝ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից օկուպացրել է շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք, իշխանությունը վստահեցնում է, թե օկուպացված տարածքների հարցը կլուծվի հայ - ադրբեջանական սահմանազատմամբ:

Ընդդիմադիր Արման Թաթոյանը պնդում է՝ պատերազմ բերած իշխանությունը «պետք է հավաքի սրտիկները, պաչիկներն» ու հեռանա, ճանապարհ տա մարդկանց, որ կարող են լուծել Հայաստանի գլխին կախված վտանգները: Իսկ ինքը կարո՞ղ է լուծել: Կարո՞ղ է Հայաստանի ինքնիշխան տարածքները ազատել ադրբեջանական զորքերից, եթե ընտրվի: Ինչպե՞ս է դա անելու:

«Այո մենք կարող ենք և հստակ լուծումները պատկերացնում ենք, և մեր թիմը կարող է, այո, պատկերացնում է, թե ինչպես կարող ենք հարցը լուծել: Այս պահին մենք դեռ իշխանության չենք, բայց մենք արդեն միջազգային հայցեր ենք տարել Միավորված Ազգերի Կազմակերպություն», - հայտարարեց նախկին օբուդսմենը:

Թաթոյանն, այդուհանդերձ, ընտրվելու դեպքում չի պատրաստվում հայ - ադրբեջանական հարաբերությունները սկսել իր սեփական կետից, ասաց՝ սկսելու են այն կետից, որտեղ կանգ կառնի Փաշինյանի իշխանությունը:


XS
SM
MD
LG