Մատչելիության հղումներ

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց 17 կուսակցություն և 2 դաշինք

Լրացված
ԿԸՀ շենքը Երևանում, արխիվ
ԿԸՀ շենքը Երևանում, արխիվ

Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հայտ 19 ուժ է ներկայացրել՝ 17 կուսակցություն և երկու դաշինք:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթերը տարել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Բոլորին դեմ եմ», «Ժողովրդավարական համախմբում», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Հայ ազգային կոնգրես», «Լուսավոր Հայաստան», «Ազգային ժողովրդավարական բևեռ», Հայաստանի շնորհապետական, Քրիստոնեա-դեմոկրատական, «Նոր ուժ», «Հանրապետություն», «Ալյանս» առաջադիմական-ցենտրիստական, Ռեֆորմիստների, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները:

2021-ին 25 ուժ էր մասնակցում:

Քաղաքական ուժերի մեծ մասը թղթերը այսօր տարավ ԿԸՀ:

«Իշխող ուժի հետ այլևս մատաղ ուտելու անգամ չենք գնալու», - հայտարարեց «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը:

Կուսակցության ցուցակը 98-հոգանոց է, առաջին համարը կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է, բայց այ վարչապետի թեկնածուի անուն չեն շտապում հնչեցնել:

Կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանն ասում է՝ մեծամասնություն չձևավորվելու հավանականությունը մեծ է, հարցն այդ պատճառով չեն քննարկում, հիմա առաջնային է Փաշինյանի իշխանությանը հեռացնելը. - «Թե էդ գործում մենք ինչ ձևի դերակատարում կունենանք, դա ցույց կտան մեզ տրված քվեները»:

Վերջին օրով ԿԸՀ-ում էր նաև «Միասնության թևեր»-ը: Ցուցակում 80 թեկնածուներ են՝ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գլխավորությամբ: Նրանք բացառում են ՔՊ-ի հետ համագործակցությունը, հայտարարում՝ թույլ չեն տալու, որ պաշտոնաթող նախագահները զբաղեցնեն վարչապետի պաշտոնը: Բայց թե ում հետ են պատրաստ ճանապարհ գնալ, անուններ չեն շտապում տալ. - «Մոտ ժամանակներում ամբողջությամբ քաղաքական դաշտը կբյուրեղանա, ու կունենանք նաև ընտրությունների արդյունքները, հստակ կլինի, թե որ ուժերի հետ ենք կարողանում ինչպիսի ձևաչափով համագործակցել: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի գործող իշխանությունը չվերարտադրվի»:

«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում ընդգրկված թեկնածուների հետ Սամվել Կարապետյանի հանդիպումից այսօր տեսանյութ տարածվեց:

«Ունենալու ենք երաշխավորված, ռեալ խաղաղություն, ինչը ես նույնպես երաշխավորում եմ», - հայտարարում էր մեծահարուստ գործարարը:

«Ֆիքսենք՝ ինչ ենք մենք ժառանգում նախորդ ապիկար իշխանությունից. կորսված երկրորդ հայրենիք, Հայաստանի ինքնիշխան տարածքում օկուպացված տարածքներ՝ Ադրբեջանի կողմից, հիմնական դաշնակիցների հետ շանտաժի լեզվով խոսելու հետևանքով բացարձակ կորցրել ենք վստահությունը դաշնակիցների կողմից, մեր լավագույն հայրենակիցները այսօր գտնվում են Բաքվի բանտում, ամբողջությամբ տապալված տնտեսություն, վարկերի տակ ճռռացող հասարակություն», - ասում էր Կարապետյանը:

Իրենք խոստանում են ապահովել երաշխավորված խաղաղություն, վերականգնել Հայ Առաքելական եկեղեցու տեղն ու դերը, զարգացնել տնտեսությունը:

Չլինելով միայն ՀՀ քաղաքացի, նախորդ չորս տարում Հայաստանում մշտապես ապրած չլինելով՝ Սամվել Կարապետյանը չի կարող թեկնածու լինել, բայց գործարարի թիմը պնդում է՝ նա է իրենց վարչապետի թեկնածուն, ու գալով իշխանության՝ սահմանադրական փոփոխությամբ դա հնարավոր են դարձնելու:

«Նախորդ ընտրություններում «Պատիվ ունեմ»-ով մասնակցում Սերժ Սարգսյանը, էս ընտրություններում մասնակցում է «Ուժեղ Հայաստան»-ով: Էսօրվա ընտրական գործընթացում նրանք ուզում են ռևանշի հասնեն և վերականգնեն 2007 թվի, 2006 թվի կոալիցիան՝ Դաշնակցություն, ԲՀԿ, Հանրապետական: Ուրիշ պատմություն չկա սրա տակ», - պնդում է Հայաստանի վարչապետ:

Նիկոլ Փաշինյանն այսօր հաջորդ խորհրդարանի իր տեսլականն էր ներկայացնում: Շանս տեսնում է, որ, ինչպես ձևակերպեց, նախկինները դուրս շպրտվեն քաղաքական դաշտից: Անուններ տվեց, որ, ըստ տարբեր հարցումների, իր հիմնական մրցակիցներն են, որոնց նա պատերազմի եռագլուխ կուսակցություն է անվանում:

«Քրեաօլիգարխա էդ նախկիններին ուղղակի մենք քաղաքական դաշտից դուրս շպրտենք, բացառիկ շանս է: Եվ դրա համար ես ասում եմ, որ կա ձև «Ուժեղ Հայաստան», ԲՀԿ, «Հայաստան» դաշինք, դե որ Հայ ազգային կոնգրես, բան, ընդհանրապես շանս չունեն, ըտեղ կարծում եմ՝ նույնիսկ ավելորդ է քննարկել», - հայտարարեց Փաշինյանը:

ՔՊ-ն իր հաղթանակին չի կասկածում, վարչապետն այսօր իր պատկերացրած հաջորդ ընդդիմությանն էլ էր նկարագրում. - «Բոլոր էն ուժերը, որոնք պատերազմի կուսակցություն չեն, ցանկացած մեկը»:

«Բայց Նիկոլ Փաշինյանից նախկին կա՞: Հլը մի հատ տեսեք իրենց ֆրակցիայում, ասենք՝ Խաչատուր Սուքիասյանը, դարձավ նո՞ր, Անդրանիկ Քոչարյանը դարձավ նո՞ր: Ասենք, ում ասեմ, Հովիկ Գրիգորյանը՝ նախկին, հա՞, ուղղակի թեկնածու է, դրա համար», - լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը, մինչդեռ, սահմանադրական մեծամասնության ակնկալիք ունի՝ ընդդիմադիրների հետ հետընտրական համագործակցությամբ, ասում էր փաստաթղթերը ԿԸՀ տարած Արծվիկ Մինասյանը:

Դաշինք երկու ուժեր են ձևավորել՝ Դաշնակցությունն ու «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը, նրանց վարչապետի թեկնածուն Հայաստանի երկրորդ նախագահն է, որն այս ընտրություններում առաջադրվել է «Առաջ» կուսակցության ցանկով: 123-հոգանոց ընտրական ցուցակը Ռոբերտ Քոչարյանն է գլխավորելու:

«Նախագահ Քոչարյանը դա էլ է ասել, ասել է՝ «եթե մենք եղանք առաջատարը, ակնհայտ է, որ իմ թեկնածությունն է լինելու, եթե այլ ուժեղ է ընդիմադիր դաշտում, իհարկե մենք պիտի աջակցենք», ինչ կլինի իրավիճակը էդ ժամանակ՝ կախված է նաև մեր մյուս գործընկերների վարքագծից», - նշեց Մինասյանը:

Քաղաքական ուժերը կամ նրանց ընտրական ցուցակներում ընդգրկված առանձին թեկնածուները կգրանցվեն, թե՝ ոչ, ԿԸՀ-ն պետք է որոշի առաջիկա տասն օրերին: Կուսակցության դեպքում անցողիկ շեմը 4 տոկոս է, այս ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող դաշինքների դեպքում՝ 8 տոկոս:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG