Ոսկեհատի բնակիչ 87-ամյա Սոնա Չաթրյանի հետ կատարված հրաշքը նոր տանիքն է: 90 տարի առաջ կառուցված շենքի կաթող տանիքը Վաղարշապատի համայնքապետարանը սկսել է նորոգել ընտրություններից օրեր առաջ:
«Կարևորը ոտքիս տակը չոր կլինի, ես էլ մի տեղ գնալուց հանգիստ կլինեմ», - ասում է նա:
Տարեց տանտիրուհին տարիներ շարունակ դույլերով ու տարրաներով է պայքարել ջրերի առատ հոսքի դեմ, ասում է՝ անձրևոտ օրերին փշերի վրա է եղել, անհանգիստ, որ հեղեղը չհասնի հարևանին: Պատկան կառույցներից դեռ տարիներ առաջ են խոստացել նորոգել, ու միայնակ ապրող Սոնա Չաթրյանին հերթը նախընտրական քարոզարշավի օրերին է հասել: Նա մի քանի անգամ շեշտեց՝ գոհ է, որ Վաղարշապատի ժամանակավոր ղեկավար, իշխանության թեկնածու Արգիշտի Մեխակյանն իրեն հիշել է:
Իսկ ի՞նչն էր խանգարում բնակիչների տանիքների հարցը լուծել մինչև ընտրությունները, հարցնում է ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը: Նա Փաշինյանի թիմին մեղադրում է վարչական ռեսուրսը չարաշահելու համար:
«Իրենք նման են բոլոր ստախոս ՔՊ-ականներին, ո՞րն է իրենց աշխատանքը: Ընտրություններից մեկ ամիս առաջ տարածքային կառավարման նախարարը որոշեց, որ Վաղարշապատ համայնքին հրատապ պետք է 500 միլիոն տալ, որ հրատապ ծրագրեր իրականացնեն», - նշում է Խաչատրյանը:
Էջմիածնի անբարեկարգ փողոցներն էլ ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագրի» ուշադրությունից չեն վրիպել: Զվարթնոց թաղամասի ճանապարհին ասֆալտի քերուկ են լցրել, ընտրություններից առաջ Էջմիածին-Երևան բարեկարգ մայրուղին են քանդել ու նորից ասֆալտապատում են:
ՔՊ-ն «վարչական ռեսուրսն է գործի դրել», որ քվեներ կորզի, մրցակցին մեղադրում է Հայ հեղափոխական դաշնակցություն ու «Առաջ» կուսակցություններից դաշինքի թեկնածուն:
«Ընտրություններից առաջ հիշեցի՞ք ասֆալտ անելը, բա մինչև դա ինչի՞ չէին անում», - հարցում է Խաչատրյանը:
Վաղարշապատի համայքնապետ ժամանակավոր պաշտոնակատար Մեխակյանը զարմանում է, որ իրեն մեղադրում են վարչական ռեսուրսի չարաշահման համար:
«Ընտրությունների պատճառով հո չէինք հետաձգելու, - «Ազատությանն» ասաց իշխանական թեկնածուն, - Ինչ վերաբերում է ասֆալտապատման, տարիքների փոխարինման աշխատանքներին, դրանք ընթացիկ աշխատանքներ են, որոնց նախապատրաստական աշխատանքներն ամիսներ, միգուցե տեղեր է եղել՝ տարիներ:
Այսինքն՝ եթե օրինակ փողոցը պետք է ասֆալտապատվի, այս եղանակները մենք պետք է բաց թողենք, ինչ է, որ նախընտրական շրջա՞ն է»:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարչական ռեսուրսի չարաշահման մասին ահազանգում են նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները: Իշխանության թեկնածուն էլ չհերքեց, որ նախընտրական քարոզարշավի փուլում համայնքային բարեկարգման աշխատանքները եռում են: Բայց, ըստ նրա, դրանք ավելի վաղ պլանավորած ծրագրեր են:
«Քանի որ նախորդ տարիներից նույնիսկ հսկայածավալ մարդկանց դիմումներ կային տարիքների փոխարինման հետ կապված, մենք իրականացրել ենք գնման ընթացակարգ, որից հետո կա՛մ մենք ենք դա իրականացնում, կա՛մ բաշխում ենք բնակիչներին՝ ըստ իրենց դիմումների», - նշեց Մեխակյանը:
Իրենց թիմակիցներից Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանն էլ էր բացատրում, որ նախընտրական քարոզչության օրերին իր բարեգործությունը նախապես պլանավորած էր: Լրատվամիջոցների աղմուկից հետո նա քրեորեն պատժելի արարքի համար ձերբակալվեց, ապա տնային կալանքի տակ հայտնվեց:
Երեք օրից կավարտվի նախընտրական քարոզարշավը: Կիրակի ընտրություններն են: Համայնքապետի ղեկավարի համար պայքարում է ինը քաղաքական ուժ: Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կուսակցությունն էլ է մասնակցում, թեկնածուն բանստեղծ Խաչիկ Մանուկյանն է: Մասնակցում են նաև պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի կուսակցությունը, ՔՊ-ին սատարող «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ», «Ազգային առաջընթաց», «Ժառանգություն» կուսակցությունները, Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստանը»:
Իրավապահների թիրախում է ընդդիմադիր «Մայր Հայաստանը»: Կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը երեք օր առաջ տեղեկացրեց, որ իրենց ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանի ու ցուցակի երկրորդ թեկնածու Դավիթ Կարապետյանի դեմ Ազգային անվտանգության ծառայությունը գործեր է հարուցել: Դավիթ Կարապետյանը Ծաղկունքի համայնքապետն է եղել, իսկ Գրիշա Հարությունյանը՝ Դողս համայնքի: Նրանք աշխատել են նաև Փաշինյանի իշխանության օրոք: Ըստ Թևանյանի՝ սա ընտրություններից առաջ իրենց դեմ ճնշումներ բանեցնելու փորձ է: