Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը խոսում է «վեց տասնյակ քաղբանտարկյալների» մասին, իշխանությունը ժխտում է


Քաղբանտարկյալների մասին ընդդիմության հեղինակած հայտարարության նախագծի քննարկումն այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ավարտվեց առանց քվեարկության: Հիմնական զեկուցող, ընդդիմադիր պատգամավոր Էլինար Վարդանյանն առաջարկեց երկու ամսով հետաձգել քվեարկությունը:

«Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծում հղում է արվում ԵԽԽՎ 2012 թվականի բանաձևին: Ընդդիմադիրների կարծիքով՝ այս բանաձևով սահմանված չափանիշներով Հայաստանում մոտ վեց տասնյակ քաղբանտարկյալ կա:

«Քրեական հետապնդման են ենթարկվում հենց 19.00 բանաձևով սահմանված առաջին չափանիշի հիման վրա, այսինքն՝ կալանավորումն իրականացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և նրա արձանագրություններում արտացոլված հիմնարար երաշխիքների, մասնավորապես մտքի, խղճի, կրոնի ազատության, արտահայտվելու և տեղեկատվության ազատության, հավաքների և միավորումների ազատության երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ», - ասաց Էլինար Վարդանյանը:

Նա հանձնաժողովի նիստում մի շարք անուններ հնչեցրեց, որոնք, ընդդիմության գնահատմամբ, քաղբանտարկյալներ են:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, մասնագիտությամբ իրավաբան Վլադմիր Վարդանյանը ChatGPT-ին է դիմել, որ հասկանա՝ ընդդիմադիրների պնդումները որքանով են հիմնավոր. «Ես պարզապես ձեր հայտարարության տեքստը գցել եմ արհեստական բանականության համապատասխան գործիքին՝ ChatGPT-ին, և ստացել եմ պատասխաններ: Եթե ընթերցեմ, կստացվի հետևյալը, որ առկա են դատողություններ, դրանք հիմնավորված չեն փաստորեն, չկա որևիցե զեկույց թե միջազգային կազմակերպությունների, թե միջազգային կառույցների վերաբերյալ, չկան փաստեր, թվեր: Քաղաքական գնահատական որպես ձեր կողմից, ձեր ընկալմամբ քաղաքական գնահատական կարող է լինել, բայց այն, ինչ դուք ներկայացրել եք, որևիցե հիմնավորում չունի»:

Մի քանի ժամ տևած քննարկման ընթացքում իշխանականները հիմնականում միջազգային կառույցներին էին հղում անում՝ պնդելով, որ չկա այնպիսի մի կառույցից տրված անաչառ գնահատական, որում արձանագրված է՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ:

«Միջազգային կառույցները կարծես թե ճգնաժամի ինչ-որ փուլում են գտնվում, նախորդ իշխանությունների ժամանակ հենց միջազգային կառույցների աջակցությամբ էր, որ հաղթահարվում էին որոշակի խնդիրներ, այսօր մենք մեր խնդիրների հետ մենակ ենք մնացել», - նշեց Էլինար Վարդանյանը:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը բնական է համարում, որ իշխանությունը չի ընդունում, թե մարդկանց քաղաքական ճնշումների է ենթարկում: Ընդդիմադիր պատգամավորն իր խոսքը փորձեց հիմնավորել օրինակներով և հարցրեց՝ քանի՞ ՔՊ-ական համայնքի ղեկավար կա, որ մեղադրվում է կոռուպցիայի համար և կալանավորված է, ինչպես Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Եվ այդ դեպքում դուք ասեք՝ կա՞ խտրական վերաբերմունք. Դիանա Գասպարյանը համայնքի ղեկավար էր, որ հրաժարական տվեց, այսինքն՝ դուք հիմա գլխիվայր շուռ ենք տալիս, որ դրա փաստերն ուրիշ էին, սրանք ուրի՞շ են», - հարցրեց Մինասյանը:

Ընդդիմության պնդումներն ու ներկայացրած հիմնավորումները խիստ զայրացրին Անուշ Քլոյանին: Ժողովրդավար ու ինքնիշխան է Հայաստանը, պնդեց ՔՊ-ական պատգամավորը. «Յուրաքանչյուր մարդ ազատ է իր կամքը արտահայտելու, իսկ այն մարդիկ, ովքեր ձերբակալված են, խախտել են օրենքները»:

Նախագծի հիմնական զեկուցող Էլինար Վարդանյանը հիշեցրեց գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությանը նախորդած Նիկոլ Փաշինյանի գրառումները, որոնցից անմիջապես հետո իրավապահները գնացին գործարարի հետևից:

Քաղբանտարկյալների հարցով ընդդիմության նախաձեռնած լսումները հաջորդ շաբաթ են նախատեսված, Արծվիկ Մինասյանն այսօր տեղեկացրեց՝ հրավիրել են նաև գլխավոր դատախազին: Կմասնացի՞ Աննա Վարդապետյանը լսումներին, թե՞ ոչ, կառույցից հրաժարվեցին մեկնաբանել:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG