Մատչելիության հղումներ

«Փաշինյանի կառավարությունը հակապետական քաղաքականություն է վարում». ԱԺ-ում նրա հեռացման տարբերակներ քննարկվեցին


Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հակապետական քաղաքականություն է վարում, կարծում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, որը հեղինակել է «Ազգային ճգնաժամի ու կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծ, այսօր էլ խորհրդարանական լսումներ հրավիրել այդ թեմայով:

Միակ լուծումն, ըստ «Պատիվ ունեմի», վարչապետին անվստահություն հայտնելն է, դա նաև մինչև հերթական ընտրություններ իշխանափոխության ամենաիրատեսական ճանապարհն են համարում:

«Նիկոլ Փաշինյանն անդառնալիորեն կորցրել է կառավարելու լեգիտիմությունը: Նրա շարունակական պաշտոնավարումը գոյության սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար», - հայտարարեց ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա թվարկեց Փաշինյանի ձախողումները, որը «Պատիվ ունեմ»-ը 8 էջում է ձևակերպել՝ խարխլված է ազգային անվտանգության համակարգը, ադրբեջանական ներխուժումների պայմաններում Հայաստանի տարածքային ամբողջականությունը լրջագույն սպառնալիքի տակ է, ձախողված դիվանագիտության հետևանքով կորսված ու հայաթափված է Արցախը, հայ գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում, տապալվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, այլախոհները հայտնվում են բանտերում, ըստ նախագծի՝ ծաղկում են կոռուպցիան ու հովանավորչությունը:

«Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը անխուսափելիորեն հանգեցնում է Ադրբեջանի կողմից Հայաստանին հերթական պահանջների առաջադրմանը և պարունակում է նոր ագրեսիայի վտանգ», - շարունակեց Տիգրան Աբրահամյանը:

Խորհրդարանում վեց պատգամավոր ունեցող ուժի ճանապարհային քարտեզը հետևյալն է՝ նախ իմփիչմենթի գաղափարի շուրջ պատգամավորների կոնսոլիդացիա, ապա ազգային միասնության անցումային կառավարության ձևավորում, որը նաև պետք է խորհրդարանական նոր ընտրություններ կազմակերպի:
Բայց իմփիչմենթի գործընթացը սկսելու համար շատ կոնկրետ թվով պատգամավորների ստորագրություններ են անհրաժեշտ՝ որոշման նախագիծ ներկայացնելու համար 36 օրենսդիրներ պետք է միավորվեն, իսկ որպեսզի վարչապետը պաշտոնանկ արվի, ավելի մեծ թվով պատգամավորներ պետք է կողմ լինեն՝ 54-ը:
Երկու դեպքում էլ, եթե անգամ ընդդիմադիր երկու՝ «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները միավորվեն, ձայները բավարար չեն:


«Պրոցեսը խորհրդարան կմտցնենք, ըստ այդմ կհանրայնացնենք նաև այդ մարդկանց ստորագրություններն այն դեպքում, երբ մեզ համար արդեն հստակ լինի, որ այդ ձայները ոչ թե 36-ի են հասել, այլ 54-ին են մոտենում», - ասաց Աբրահամյանը:

Այսօր նոր փուլ մտավ ընդդիմադիր երկու խմբակցությունների ամիսներ շարունակվող բանավեճը: Թեև երկուսն էլ կողմ են վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթացին, բայց նրանց պատգամավորների ստորագրությունները երկու առանձին թղթերի վրա էին, բացի այդ՝ մեթոդների հարցում երկու ուժերի լիդերներն ունեն տարաձայնություն:

Չբացառելով փողոցային պայքարը՝ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Փաշինյանին հնարավոր է հեռացնել ընտրություններով՝ ի տարբերություն Սերժ Սարգսյանի:


Այդ ֆոնին «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանն այսօր հայտարարեց՝ իրենց բոլոր պատգամավորները պատրաստ են ստորագրել «Պատիվ ունեմի» ձևաթղթի տակ: Բայց «Հայաստանը», որին այս ընթացքում նաև «Պատիվ ունեմից» էին կսմիթներ բաժին հասնում, խորհրդարանի ամենափոքր խմբակցությունից կոնկրետ ակնկալիք ունի:


«Մենք ակնկալում ենք ողջամիտ ժամանակահատվածում լրացնել պակասող ստորագրությունները և հարցը բերել, իրական մեկնարկը տալ իմփիչմենթի գործընթացն այս դահլիճում՝ բնականաբար, ունենալով մեր ամբողջական աջակցությունը», - ասաց Սաղաթելյանը:

Նիկոլ Փաշինյանի երբեմնի թիմակից Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածուի շուրջ համախմբման քննարկումներ սկսելու առաջարկ արեց: Այս ընթացքում ինքն ու ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանը ևս իմփիչմենթի նախաձեռնությամբ հանդես են եկել, որը, սակայն, ԱԺ դահլիճում քննարկումների փուլ չի հասել, ինչպես և ընդդիմադիրների մյուս նախաձեռնությունները՝ վարչապետի տարբեր թեկնածուներով:

«Դուք վախենում եք, անհանգստանում եք, որ մենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք և հետևաբար վստահություն չունենք: Ինչքան էլ մենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք, մենք մեր անհանգստությունները բերենք, մյուսներն՝ իրենց, քննարկենք, գտնենք այն թեկնածուին և այն ճանապարհը, որը հնարավորություն կտա 6 ամսով Հայաստանում ստեղծել հավասարակշռված կառավարություն, որի ընթացքում որևէ քաղաքական ուժ չկարողանա քաղաքական վերմակը քաշել իր վրա, ու գնանք 26 թվականի ընտրություններին և քաղաքական իմաստով արդեն իրա նկատմամբ հաշվեհարդար տեսնենք», - ասաց նա:

Շենքի դիմաց հավաքվածները մեծ էկրանով էի հետևում լսումներին
Շենքի դիմաց հավաքվածները մեծ էկրանով էի հետևում լսումներին



Տեսակետներ հնչեցին, թե չնայած մեկը մյուսին հաջորդող շարժումներին՝ ինչո՞ւ տեղի չի ունեցել իշխանափոխությունը, եղան գործնական առաջարկներ՝ ինչպե՞ս կարելի է հասնել Փաշինյանի հեռացմանը:


Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսն ունի համաժողովրդական շարժման ծրագիր, որի շուրջ առաջիկայում պատրաստվում են քննարկում կազմակերպել:
Բայց փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բացառեց նախկին երկու նախագահների հետ համագործակցությունն այդ ճանապարհին:

«ՀԱԿ-ը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ», - ասաց նա:

Այսօրվա լսումներին իշխանականներ չմասնակցեցին: Մինչ ընդդիմադիրները հանդիպում-կոնսուլտացիաներ են ծրագրում, ԱԺ նախագահը պնդում է՝ «Քաղաքացիական պայմանագիրը» արտահերթ ընտրության կարիք չի տեսնում:

«Ընդդիմությունը կրկնում է նույն թեզերը, որը փողոցում է կրկնել վերջին 4-5 տարվա ընթացքում, թող մի հատ էլ այստեղ կրկնի, - ասաց նա, շարունակելով, - Ի՞նչ եմ դնում անունը, որ ասեմ՝ ես հիմա գնում եմ արտահերթ ընտրության, որովհետև ես ուզում եմ շո՞ւտ վերընտրվել, քանի ընդդիմությունը պատրաստ չէ: Դա ազնիվ չէ մեր ժողովրդի նկատմամբ»:

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ հաջորդ ընտրություններում խորհրդարանական այսօրվա ընդդիմությունը չի վերընտրվելու, իսկ իրենք 2021-ի ցուցանիշից՝ 54 տոկոսից էլ շատ ձայն կստանան. «Կարող ենք նույնիսկ դրա հետ կապված մարջ գալ»:

«Պատիվ ունեմի» ներկայացրած հիմնավորումները դեռ պետք է քննարկվեն ԱԺ հանձնաժողովներից մեկում, նախագիծը կքննարկվի նաև ԱԺ-ի դահլիճում, եթե դրական եզրակացություն ստանա:

Այսօրվա առաջարկները լսելուց հետո ընդդիմադիր «Պատիվ ունեմի» ղեկավարը միայն հայտարարեց՝ ի գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG