Գյումրիում այսօր միաժամանակ բողոքի երեք ակցիաներ էին, արևմտամետների խումբն՝ ընդդեմ ռուսական ռազմաբազայի ներկայության, երկու ռուսամետ խմբերն էլ՝ ի պաշտպանություն դրա: Ոստիկանական աննախադեպ ուժեր էին կենտրոնացած, ռազմաբազա տանող ճանապարհները փակ էին:
Առաջինը ռուսական ռազմաբազայի մոտ ակցիան «Մայր Հայաստան» նախաձեռնության անդամները փորձեցին իրականացնել, բայց ոստիկաններն արգելեցին վերջիններիս առաջ շարժվել դեպի ռազմաբազա՝ պատ կազմեցին ու ժամանակ տվեցին, որ տարածքից հեռանան:
Փոխոստիկանապետի հետ բանակցությունները ևս արդյունք չտվեցին:
Այս մի ակցիայի մասնակիցները դրոշներով, պլակատներով հեռացան, որ ավելի ուշ նույն տեղում ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու կողմնակից եվրոպամետ ուժերի ակցիայի մասնակիցներին չհանդիպեն:
Ի աջակցության ռազմաբազայի նաև կոմունիստներ էին ակցիա անցկացնում «Մայր Հայաստան» հուշահամալիրում: Այստեղ քաղաքապետարանի աշխատակիցներ էին, կոմկուսի ցուցակով ավագանու անդամներ: Այս դեպքում արդեն հակադիր թևերն իրար հանդիպեցին, ու վիճաբանություն սկսվեց:
Կոմունիստները ֆայտոնով, կոմունիստական դրոշներով ռազմաբազայի գլխավոր անցակետ հասան:
Ռուսական 102-րդ ռազմաբազայի գլխավոր շտաբի մյուս հսկիչ անցակետի մոտ հավաքվել էին եվրոպամետ ուժերը՝ պահանջելով բազայի դուրսբերումը Հայաստանից: Ի դեպ, այդ ընթացքում բազայի ներսից բարձր հայկական ու ռուսական երաժշտություն էր հնչում:
Հսկիչ անցակետը թե՛ ներսից, թե՛ դրսից մեծ թվով ոստիկաններ էին հսկում: Ակցիայի նախաձեռնողը՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը թվարկեց քայլերը, որոնցով, ըստ նրա, հնարավոր է հասնել բազայի դուրսբերմանը Հայաստանից:
«Մենք ի՞նչ պիտի անենք, ժողովուրդ. էս ամոթը մեր երկրից պիտի հեռացնենք, դրա համար պիտի գործադրենք բոլոր քաղաքակիրթ իրավական եղանակները, որոնք առկա են: Առաջիկա, կարծում եմ, որ զարգացումները, նաև՝ աշխարհաքաղաքական, ստիպելու են, որպեսզի իշխանությունները գնան ընդառաջ, չգնան՝ մենք կստիպենք առաջաիկա ընտրություններում էս հարցը դարձնել էնպիսի օրակարգային հարց, որ իշխանությունները ստիպված կլինեն ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստել և էս գործընթացը մեկնարկել», - հայտարարեց Բաբաջանյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ պահանջեց, որ դադարեցվի Հայաստանի պետական բյուջեից ռազմաբազայի ֆինանսավորումը:
«Մենք առաջին հերթին պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից՝ դադարեցնել Հայաստանի Հանրապետության բյուջեից այս բազայի, զավթիչների, գաղութատերերի բոլոր ծախսերի վճարումները: Մենք դրա համար, պատկերացնում ե՞ք, աբսուրդ ա՝ մեզ վտանգ ներկայացնող, մեր տարածքը զավթած [...] ուժին մենք պահում ենք», - հայտարարեց Սաքունցը:
Ռուսամետների ակցիաներին անդրադարձավ իրավապաշտպան Լևոն Բարսեղյանն ու հարց տվեց հենց նրանց. - «Սիրում ե՞ք՝ վերցրեք ձեր ընտանիքով, ձեր ունեցվածքով, անձնագրերը թողեք ստեղ, գնացեք ընդեղ ապրեք, ի՞նչ է էղե: Էդ ընչի՞ եք Հայաստանը ուզում կոխել ռուսական գուբերնիա, բայց ձեռքերիդ հեռախոսները արևմտյան են, տակներիդ ավտոները արևմտյան են, տո, չգիտեմ, բուժվելու գնում եք գերմանիաներ, Իսրայել, եսիմ ուր: Գնացեք Մագադան բուժվեք, ի՞նչ է եղել, գնացեք Մագադան, Բլագովեշչենսկ, Յակուտիա: Եթե ձեզի հարմար չի էս երկիրը, դուրներդ չի գալիս, ա՛յ տնաշեններ, ընչի՞ եք ձեզ խոշտանգում, ինչի՞ եք մազոխիստի պես ձեզ քերթում, էլի, գնացեք կանգնեք ընդե, որտեղ ուշքներդ անցնում է, գնացեք նայեմ քանի րոպեից է ձեր վզից բռնելու, քշելու ուկրաինական ռազմաճակատ՝ որպես թնդանոթի միս»:
Չնայած հակադիր ակցիաների մասնակիցների միջև ընդհանուր լարվածությանն ու մեծաքանակ ոստիկանական ուժերին, ոչ մի խմբից որևէ մեկը բերման չենթարկվեց: