Ոստիկանությունը երեկ դարձյալ ուժ գործադրեց իշխանությունների հեռացման պահանջով ցույցեր իրականացնող «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի անդամների ու աջակիցների նկատմամբ։
Տեսանյութերում լսվում է՝ ոստիկանները հորդորում են ազատել փողոցի երթևեկելի հատվածը, մի քանի րոպե անց կարմիր բերետավորները գործի են անցնում։ Հրել են նաև տեղում աշխատող լրագրողին։
Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ երեկ 64 անձ է բերման ենթարկվել։ Պարզաբանումը շատ հակիրճ է՝ ոստիկանի օրինական պահանջը չեն կատարել։ Թե որն է այդ օրինական պահանջը՝ ուժայինները չեն հստակեցնում։
Բերման ենթարկվածներն արդեն ազատության մեջ են։ ԱԺԲ-ից պնդում են՝ քաղաքացիներին նաև մայթերից են տարել։
Իշխանությունների հեռացման ու Տավուշում սահմանազատման գործընթացը կասեցնելու պահանջով ընդդիմադիր ԱԺԲ-ի նախորդ ցույցն էլ ոստիկանական գործողությամբ ավարտվեց, 90-ից ավելի քաղաքացիների բաժիններ տարան։
Բևեռի առաջնորդներից Գարեգին Չուգասզյանը պատմում է՝ երեկվա դեպքերից հետո որոշ քաղաքացիներ շտապօգնության են դիմել։
«Այն բռնությունը, կոպտությունը, հատկապես խոսքը գնում է գույնզգույն բերետների մասին, եկան, մոտեցան, այնտեղ խումբ-խումբ էին, այդ ժամանակ հարձակվեցին։ Նպատակը վախեցնելն է, որ ժողովուրդը Երևանում չմիանա, չմոբիլիզացվի», - ասաց նա։
Ոստիկանների բռնությունների ու խոշտանգումների մասին ահազանգում են նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, ԱՄՆ պետքարտուղարությունը։
«Իրենք սկսում են բութ գործիքներւ օգտագործել և դադարում են օրենքին նայել», - պնդում է Գարեգին Չուգասզյանը։
Մինչ ընդդիմադիրները Երևանում տարբեր ակցիաներ են կազմակերպում, Տավուշում սահմանազատման գործընթացը շարունակվում է՝ Երևանն ու Բաքուն հայտնել են արդեն 30-ից ավելի սահմանասյուն տեղադրելու մասին։