Մատչելիության հղումներ

Երևանն ու Դելին ցանկանում են ակտիվացնել գործակցությունը՝ չսահմանափակվել պաշտպանական գնումներով. Լեոնիդ Ներսիսյան


Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև մայիսի 14-ին առաջին պաշտպանական խորհրդակցություններն են կայացել Երևանում
Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև մայիսի 14-ին առաջին պաշտպանական խորհրդակցություններն են կայացել Երևանում

Երևանն ու Դելին ծրագրում են պաշտպանական համագործակցության հարցերով աշխատանքային խումբ ստեղծել, սա որոշվել է երեկ երկու երկրների ռազմական կառույցների առաջին խորհրդակցության ընթացքում։ Թե կոնկրետ ինչ գործառույթներ է ունենալու աշխատանքային խումբն, ու ովքեր են դրանում ներառվելու, կողմերը չեն բացահայտում։

«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանի գնահատմամբ՝ Երևանն ու Դելին ցանկանում են ավելի ակտիվացնել համագործակցությունը ռազմական ոլորտում`չսահմանափակվելով միայն պաշտպանական գնումներով. - «Երկու կողմն էլ շատ հետաքրքրված են՝ ունենալ ավելի խորը համագործակցություն»։

Ռազմական վերլուծաբանը չի բացառում՝ հնարավոր է հետագայում Դելին նաև Հայաստանի զինուժի համար վերապատրաստումներ անցկացնի։ Շեշտում է՝ երեկվա հանդիպմանը այդ հարցն էլ է քննարկվել։

«Ինչ-որ մի օր կարող ենք տեսնել համատեղ զորավարժություններ», - նշեց նա։

Հայաստանն ու Հնդկաստանը երեկվա հանդիպմանը հաստատել են երկու պաշտպանության նախարարությունների միջև 2024-2025 թվականների համագործակցության պլանը։ Թե ինչ է ենթադրում այն, կողմերը չեն հստակեցնում։ Երևանն ու Դելին բաց հայտարարում են, որ 20 թվականի պատերազմից հետո համագործակցում են պաշտպանական ոլորտում, սակայն գնումների տեսակն ու ծավալները չեն բացահայտվում։

«Այսօր որ վերցնենք՝ Հնդկաստանը գոնե զենքի գնումների մեջ Հայաստանի ամենամեծ գործընկերն է, եթե հավատանք այն մեդիայի հոդվածներին, որ Հնդկաստանում են մեծամասամբ տպվել, թվերի ու քանակի մասին այն զենքի ու զինամթերքի մասին, որ գնվել է, դա շատ մեծ տարբերությամբ առաջին տեղն է զբաղեցնում», - ասաց Լեոնիդ Ներսիսյանը։

Հնդկական լրատվամիջոցները մինչ այս պահը հաղորդել են հակադրոնային համակարգերի, բազմափողանի հրթիռային կայանների, քարշակային հրետանային համակարգերի ու հաուբիցների ձեռքբերման մասին, պնդել, թե դրանց համար հարյուր միլիոնավոր դոլարներ է վճարել Երևանը։

Անցած ամիս հնդկական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնեցին, որ Հնդկաստանը դեպի Հայաստան օդային միջանցք է բացում ռազմավարական նշանակության արտահանումների համար: Մինչ այս Երևանն ու Դելին պաշտոնապես փակագծեր չեն բացել այս լուրի վերաբերյալ։

Երևանն ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով հայտարարում է հարաբերությունների դիվերսիֆիկացման մասին։ Երեկ այդ մասին նաև վարչապետ Փաշինյանը խոսել էր Կոպենհագենի ժողովրդավարական ֆորումում. - «Հիմա մենք անվտանգության դաշտում գործակցում ենք Հնդկաստանի, Ֆրանսիայի և մյուս երկրների հետ, և հիմա մենք նմանատիպ գործակցություն ունենք ԵՄ հետ»։

Ռազմական ոլորտում Հայաստանը գործակցում է Փարիզի հետ, խորացնում հարաբերություններն Աթենքի հետ։ Հունաստանի պաշտպանության նախարարն անցած ամիս Երևան այցի ընթացքում չբացառեց անգամ ռազմական ոլորտում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան գործակցությունը։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG