Ղազախստանում ավարտվել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները:
Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության՝ երկօրյա քննարկումների արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:
Անհամաձայնությունների մասին երկու երկրների արտգործնախարարությունները փակագծեր չեն բացել։
Նշվում է, որ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները:
Հանդիպման մասին նույնաբովանդակ հաղորդագրությամբ է հանդես եկել նաև պաշտոնական Բաքուն։
Մայիսի սկզբին Արարատ Միրզոյանը «Ալ-Ջազիրա»-ին տված հարցազրույցում ասել էր, թե Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հարցում Երևանն ու Բաքուն դեռ համաձայնություն չունեն:
Երեկ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ոչ միայն խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, այլև առաջ գնալ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում։
Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ համատեղ ջանքերով արդեն ավարտին են հասցվում սահմանային սյուների տեղադրման աշխատանքները Տավուշի հատվածում: Բայրամովի խոսքով՝ վերջին բանակցություններից հետո կարևոր տարր է ապրիլի 19-ին ստորագրված արձանագրությունը, որով հայ - ադրբեջանական պետական սահմանի որոշակի հատվածի սահմանազատման գործընթացին սկիզբ դրվեց:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.