Մոսկվայի կենտրոնում սեպտեմբերի 18-ին Wildberries-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած հրաձգության գործով մեղադրանք է առաջադրվել 33 անձի, այդ թվում՝ Վլադիսլավ Բակալչուկին, ով Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսինն է։
Նրանց խափանման միջոցի հարցը կքննվի սեպտեմբերի 20-ին և 21-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների անանուն աղբյուրին։
Քննչական կոմիտեն բոլոր մեղադրյալներին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։
Հինգշաբթի երեկոյան Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը գործով 6 մեղադրյալի երկու ամսով կալանավորել է։
ՏԱՍՍ-ի աղբյուրը նշում է, որ, մասնավորապես, Վլադիսլավ Բակալչուկի խափանման միջոցի հարցը կքննվի այսօր։
Forbes-ը, վկայակորելով Բակալչուկի փաստաբաններին, նշում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի ծանր, մասնավորապես, սպանության, սպանության փորձի, իրավապահ մարմինների նկատմամբ մահափորձի հոդվածներով։ Բակալչուկը 48 ժամով կալանավորվել է։ Նա չի ընդունում մեղադրանքները։
Սեպտեմբերի 18-ին հաղորդվեց, որ Մոսկվայում՝ Կրեմլի մերձակայքում գտնվող Wildberries ռուսական խոշորագույն առցանց խանութի գրասենյակի մոտ, հրաձգություն է տեղի ունեցել, մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։
Ընկերության հիմնադիր, Ռուսաստանի ամենահարուստ կանանցից Տատյանա Բակալչուկն իր ամուսնուն է մեղադրել, նշելով, որ վերջինս փորձում է տիրանալ ընկերությանը։ Նրա խոսքով՝ Վլադիսլավ Բակալչուկը մի խումբ զինված մարդկանց հետ փորձել է մտնել գրասենյակ։ Նա իր հերթին նշում է, որ ժամանել է բանակցությունների համար, սակայն իր թիմի հետ ենթարկվել է հարձակման անհայտ անձանց կողմից։
Ամուսինների հակասությունների մասին հայտնի դարձավ այս ամառ Wildberries-ի՝ արտաքին գովազդի խոշորագույն օպերատոր Russ group-ի հետ միացման մասին հայտարարությունից հետո։ Գործարքը հավանության է արժանացել անձամբ Ռուսաստանի նախագահի կողմից։