Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետերը. ԱՄՆ-ը կշարունակի աջակցությունը ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը երեկ հանդիպել է ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունի հետ։

Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Երկուստեք նշվել է, որ Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը պաշտպանության ոլորտում զարգանում է։

Ամերիկյան կողմը նշել է, որ կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպափոխման և բարեփոխումների ընթացքին, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Քննարկվել և կարևորվել է համատեղ անցկացվող միջոցառումների շարունակականությունը, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցում էր հոկտեմբերի 13-16-ը անցկացված ԱՄՆ ցամաքային զորքերի ասոցիացիայի սպառազինությունների ամենամյա ցուցահանդեսին: Այցի շրջանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպումներ է ունեցել նաև ԱՄՆ Պաշտպանական անվտանգության հարցերով համագործակցության գործակալության տնօրեն Մայք Միլլերի, ԱՄՆ բանակի անվտանգության աջակցման հրամանատարության հրամանատար, բրիգադի գեներալ Ալեն Փեփերի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ, պաշտպանական քաղաքականության գրասենյակի տնօրեն Թրեսա Գուենովի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG