Վրաստանի մշտական պատվիրակությունը հրաժարվում է մասնակցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նստաշրջաններին, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
Նա հայտարարել է, որ կառույցն անտեսում է վրաց ժողովրդի կամքը և իր հայեցողությամբ չեղարկում է նրա անդամ երկրի ընտրությունները և ժողովրդավարական ինստիտուտները, ինչն անընդունելի է:
Երկրի խորհրդարանական պատվիրակությունը չէր մասնակցել նաև Երևանում հոկտեմբերի 28-30-ն անցկացված՝ վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին:
«Հասարակությանը հայտնի է, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը, որին չէր մասնակցում Վրաստանի խորհրդարանի մշտական պատվիրակությունը, ընդունել է մի քանի բանաձև։ Տարածված պրակտիկայով այդ փաստաթղթերում պետք է ներկայացված լինեին Արևելյան գործընկերության նախաձեռնության հետագա զարգացման և անդամ երկրների միջև երկխոսության ու գործընկերության խթանման տեսլականները։
Սակայն Վրաստանի նկատմամբ թշնամական, անարդար և քաղաքականապես կողմնակալ դիրքորոշմամբ հայտնի որոշ եվրոպացի պատգամավորներ բանաձևերի տեքստերում ավելացրել են ձևակերպումներ, որոնք բացարձակապես անընդունելի և զարհուրելի են վրաց հասարակության համար», - վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Պապուաշվիլին։
Խոսքը մասնավորապես 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները «կեղծված» բնութագրելու, իսկ կառավարությունը «ինքնահռչակված» անվանելու մասին է։
Բրյուսելը քննադատել է «Վրացական երազանք»-ին ընտրություններից հետո ընդդիմության բողոքի ցույցերը ճնշելու, օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքի ընդունման համար։