Մատչելիության հղումներ

«Վրացական երազանքն» իր քարոզարշավում խաղարկում է ուկրաինական պատերազմը


«Վրացական երազանք»-ի քարոզարշավի գովազդային վահանակը՝ Թբիլիսիի փողոցներից մեկում
«Վրացական երազանք»-ի քարոզարշավի գովազդային վահանակը՝ Թբիլիսիի փողոցներից մեկում

Վրաստանի իշխող կուսակցությունը գալիք ընտրությունները ներկայացնում է որպես գոյաբանական ընտրություն պատերազմի և խաղաղության միջև։

Սակայն կառավարության քննադատների համար այն, ինչ խոստանում է կառավարությունը, ոչ թե խաղաղություն է, այլ կապիտուլյացիա թշնամուն՝ Ռուսաստանին:

Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գովազդային նոր արշավում պատերազմից տուժած Ուկրաինան պատկերող սև ու սպիտակ լուսանկարները կողք-կողքի ցուցադրվում են բարգավաճող, խաղաղ Վրաստանի գունավոր պատկերների հետ՝ ստեղծելով հակադրություն:

«Վրացական երազանք»-ի քարոզարշավի գովազդային վահանակը
«Վրացական երազանք»-ի քարոզարշավի գովազդային վահանակը

Ուկրաինայում ավերակների տակ մնացած բուլվարը պատկերված է Թբիլիսիի՝ վերջերս վերանորոգված Ճավճավաձեի պողոտայի կողքին։ Ուկրաինական ռմբակոծված ֆուտբոլի մարզադաշտի տեսարանը հակադրված է Վրաստանում իշխող կուսակցության օրոք կառուցված բազմաթիվ մարզահրապարակներից մեկին: Ուկրաինան պատկերող լուսանկարների տակ գրված է «Ոչ պատերազմին», իսկ վրացականների տակ՝ «Ընտրիր խաղաղությունը»։

Քարոզարշավը ցնցել է վրացիներից շատերին, որոնց մոտ տպավորություն է, թե ռուսական ներխուժման համար այն մեղադրում է ուկրաինացիներին:

«Ես երբեք այսքան ամոթալի, մեր մշակույթի, ավանդույթների, պատմության և հավատալիքների համար այսքան վիրավորական բան չեմ տեսել», - Ֆեյսբուքում գրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը «Վրացական երազանք»-ի սուր քննադատներից է։

Ռուս-վրացական պատերազմ

2008-ին ռուսական զորքերը հնգօրյա պատերազմի ժամանակ ներխուժեցին Վրաստան, և այդ ժամանակից ի վեր Մոսկվան ռազմական և դիվանագիտական շարունակական աջակցություն է տրամադրել Աբխազիայի և Հարավային Օսիայի վրացական տարածքների անջատողական իշխանություններին։ Վրացիները համարում են, որ տեղի է ունեցել իրենց տարածքի օկուպացիա:

Թեև «Վրացական երազանք»-ի առաջնորդները հազվադեպ են բացահայտորեն բարձրացնում Ռուսաստանի թեման, չորրորդ անգամ իշխանության գալու օգտին նրանց բերած փաստարկներից մեկն այն է, որ իրենք միակ կուսակցությունն են, որն ունակ է կառավարել իրենց հյուսիսային հարևանի հետ բարդ հարաբերությունները:

«Հոկտեմբերի 26-ին մենք ընտրություն կկատարենք պատերազմի և խաղաղության միջև», - սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասել է «Վրացական երազանք»-ի հիմնադիր և դեռևս փաստացի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին։

Բիձինա Իվանիշվիլի, արխիվ
Բիձինա Իվանիշվիլի, արխիվ

Խաղաղության խոստումն առանցքային է եղել «Վրացական երազանք»-ի և Իվանիշվիլիի ուղերձներում 2012-ի հոկտեմբերից՝ խորհրդարանական ընտրություններում նրանց հաղթանակից հետո: Մինչ այդ՝ 2008-ին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարության օրոք, Վրաստանը ցավալի պարտություն էր կրել Հարավային Օսիայի համար մղած պատերազմում։

Զգուշավոր մոտեցում Ռուսաստանի նկատմամբ

2012-ին Իվանիշվիլին քարոզարշավի թիրախ դարձրեց Սաակաշվիլիին՝ մեղադրելով նրան Ռուսաստանի ներխուժումը հրահրելու համար: Իշխանության գալուց հետո «Վրացական երազանք»-ը ձգտում էր ավելի քիչ առճակատման տանող հարաբերություններ հաստատել Կրեմլի հետ, ինչը բազմաթիվ ընդդիմադիրներ որակում են փաստացի ռուսամետ դիրքորոշում։

«Վրացական երազանքի» խաղաղության պատմույթն ավելի ուժեղացավ 2022-ին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո, երբ վրացի առաջնորդները չափազանց զգուշավոր մոտեցում որդեգրեցին՝ հրաժարվելով քննադատել Ռուսաստանի հարձակումը և հաճախ անցնելով հակաուկրաինական հռետորաբանության։

Ուկրաինայից և այլ երկրներից եղան կոչեր, որոնք Վրաստանին խնդրում էին իր մասնակցությունն ունենալ Ռուսաստանի դեմ ավելի լայն պայքարում և «երկրորդ ճակատ» բացել ռուսական ուժերի դեմ վրացական Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատողական տարածքներում: Ժամանակի ընթացքում վրացի պաշտոնյաներն անկանոն արվող այդ կոչերը մեկնաբանեցին որպես համաշխարհային դավադրություն՝ այն անվանելով «համաշխարհային պատերազմի կուսակցություն», որի նպատակն է Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ:

Վրացական տանկը Գորիի մատույցներում, 11-ը օգոստոսի, 2008թ․
Վրացական տանկը Գորիի մատույցներում, 11-ը օգոստոսի, 2008թ․

Այժմ, երբ մոտենում են խորհրդարանական ընտրությունները, «Վրացական երազանք»-ն էլ ավելի մեծ ուշադրություն է դարձնում պատերազմի և խաղաղության հարցերին:

Կուսակցությունն ակնարկել է, որ կկարողանա վերականգնել վերահսկողությունն իր անջատված տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ:

«Մենք ազգային երկու խնդիր ունենք՝ վերականգնել տարածքային ամբողջականությունը և վերացնել աղքատությունը մեր երկրում: Մեր ամբողջ ծրագիրն ուղղված է այս երկու ազգային խնդիրների կատարմանը»,- ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 8-ին ՝կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս։

Իրակլի Կոբախիձե
Իրակլի Կոբախիձե

Նա չի մանրամասնել, թե ինչպես է Թբիլիսին անջատված այդ շրջանները ետ բերելու, միայն պնդել է, որ դա «կկատարվի տարածաշրջանային քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում»:

Նման հռետորաբանությունը հենվում է վրացիների շրջանում լայնորեն տարածված (սակայն վերլուծաբանների կարծիքով՝ անիրատեսական) համոզմունքի վրա, որ Մոսկվան կհրաժարվի անջատողական դե ֆակտո պետություններին աջակցելուց, եթե Թբիլիսին հրաժարվի իր արևմտյան կողմնորոշումից:

Ռուսական աջակցությունը «Վրացական երազանքին»

Ինքը՝ Իվանիշվիլին, նպաստել է այդ լուրերի տարածմանը՝ վերջերս հայտարարելով, որ վրացիները պետք է ներողություն խնդրեն օսերից 2008-ի պատերազմի համար։ Իվանիշվիլին նաև ակնարկել է, որ Սաակաշվիլիի արևմտյան դաշնակիցներն էին, որ դրդեցին նրան պատերազմ սկսել:

Ճիշտ այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը հստակ հասկացրին, թե ակնկալում են, որ «Վրացական երազանք»-ը պարտություն կկրի, Ռուսաստանը բացահայտ հանդես եկավ իշխող կուսակցության հաղթանակի օգտին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գովաբանեց Վրաստանի կառավարությանը հենց այն քայլերի համար, որոնք առաջացրել էին Թբիլիսիի արևմտյան գործընկերների դժգոհությունը, այդ թվում՝«օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումն ու «ԼԳԲՏ քարոզչության» դեմ պայքարը։

Լավրովի հայտարարությունները Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ Վրաստանի քայլերի վերաբերյալ, սակայն, ավելի երկիմաստ էին: Թեև նա գովաբանեց Իվանիշվիլիի՝ օսերից ներողություն խնդրելու առաջարկը, ավելի ուշ Հարավային Օսիայի դե ֆակտո արտգործնախարարին ասաց, որ «2008-ի որոշումները չեն փոխվի»՝ նկատի ունենալով Մոսկվայի կողմից այդ տարի Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության պաշտոնական ճանաչումը:

Այս ընտրությունների վրա արված աշխարհաքաղաքական մեծ խաղադրույքները մտավախություն են առաջացրել, որ Ռուսաստանը կարող է միջամտել, եթե ընտրությունների արդյունքն իր սրտով չլինի, մի բան, որ Մոսկվան բազմիցս է արել հետխորհրդային երկրներում։

«Ամոթալի» և «զզվելի»

Ռուսաստանն ինքն է բորբոքել այդ մտավախությունները։ Օգոստոսին Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակեց հայտարարություն, որում զգուշացնում էր, թե ԱՄՆ-ն ձգտում է Վրաստանում «Մայդանի» սցենար հրահրել և իշխանության բերել ընդդիմությանը, նույնիսկ եթե ընտրություններում հաղթի «Վրացական երազանք»-ը: Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը և Արևելյան Ուկրաինայում սկսեց բորբոքել անջատողականությունը 2013-2014 թվականներին՝ Ուկրաինայի Մայդանի հեղափոխությունից անմիջապես հետո:

«ԱՄՆ-ը փորձում էր թույլ չտալ, որ «առողջ, ազգային կողմնորոշում ունեցող ուժերն» իշխանություն ունենան Վրաստանում», -հոկտեմբերի 3-ին լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը: Սակայն նա հավելել է, թե «վստահ եմ, որ վրաց ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի»։

Սերգեյ Նարիշկին
Սերգեյ Նարիշկին

Երբ «Վրացական երազանք»-ը հրապարակեց պատերազմի դեմ ուղղված գովազդը, դրան իր անհամաձայնությունը հայտնեց Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին, որը գովազդային այս արշավն անվանեց «վրդովեցնող», «ամոթալի» և «զզվելի»:

Սակայն Թբիլիսիում գովազդներն այժմ ամենուր են` գովազդային վահանակների վրա, ավտոբուսների կողքերին և մետրոյում: Հեռուստատեսությամբ՝ իշխանամետ հեռուստաալիքներով ևս ցուցադրվում են այս գովազդները, որոնցում պատկերներն ուղեկցվում են դրամատիկ երաժշտությամբ։

Մի խումբ ընդդիմադիր հեռուստաալիքներ, սակայն, հրաժարվել են դրանք եթեր հեռարձակելուց։

«Մենք մտադիր չենք, թեկուզ անուղղակիորեն, աջակցել «Վրացական երազանք»-ի ռուսական քարոզչությանը կամ ուկրաինացի ժողովրդի ծաղրանքին»,- ասվում է հեռուստաընկերությունների տարածած համատեղ հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG