Մատչելիության հղումներ

Վրաստանը մտնում է վճռորոշ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլ


Վրաստանի խորհրդարան
Վրաստանի խորհրդարան

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են, ընտրություններ, որոնք երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։

Ընդդիմության հաղթանակի դեպքում, ըստ մինչ այժմ նրանց կողմից հնչած բազմաթիվ հայտարարությունների, երկիրը կվերադառնա արևմտյան ուղի, իսկ իշխող ուժի հաղթանակի դեպքում առնվազն կպահպանվի ներկայիս կուրսը, որը գնահատվում է արևմտյան արժեքներից ու եվրաատլանտյան ինտեգրման գործընթացներից շեղում։

Առաջիկա ընտրությունների նախապատրաստական փուլում կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ավարտել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի գրանցման դիմումների ընդունումը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել 28 քաղաքական միավոր, որոնցից 9-ը գրանցվել են, 19-ի գրանցումը ընթացակարգի մեջ է։ Ըստ ընտրական օրենսգրքի՝ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունը 25 հազար ընտրողների ստորագրություններ պետք է ներկայացնի ԿԸՀ։ Վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 1-ին։

Քաղաքական ուժերի այս շարքից բացի, հոկտեմբերի 26-ի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն այն կուսակցությունները, որոնք նախորդ՝ 2020 թվականի ընտրություններին գրանցված են եղել, կամ նրանք, որոնք պատգամավորներ ունեն գործող խորհրդարանում։ Այս պահանջներին համապատասխանող 13 կուսակցություն կա։

Քաղաքական ուժերի այս «արտոնյալ» խումբը ստորագրություններ ներկայացնելու կարիք չունի։ Գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ստանալու համար նրանց ներկայացուցիչը պարզապես պետք է համապատասխան դիմում ներկայացնի կենտրոնական ընտրական հանձնաժողով ոչ ուշ, քան օգոստոսի 30-ը։

Ընտրությունները անցկացվելու են միայն համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով։ Խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ է ստանալ ընտրողների ձայների նվազագույնը 5 տոկոսը։

Կուսակցությունների միջև արդեն խորհրդակցություններ են ընթանում միասնական ցուցակով հանդես գալու համար։ Առայժմ ուրվագծվում է, որ իշխող «Վրացական երազանքն» իր ցուցակում տեղ կտա «Ժողովրդի ուժը» և արբանյակ ուրիշ քաղաքական կուսակցությունների։ Հիմնական ընդդիմությունը «Միացյալ ազգային շարժումը» ընտրությունների կգնա «Ստրատեգիա Աղմաշենեբելիի» քաղաքական ուժի հետ։ Մի քանի այլ կուսակցություններ ստեղծում են երկրորդ ընդդիմադիր միավորումը։ Ռուսամետները համախմբվում են «Հայրենասերների ալյանսի» ցուցակում, իսկ նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը հնարավոր է միայնակ գնա ընտրություններին, համենայն դեպս այս պահին դաշինք կազմելու լուրեր չկան, բայց սա ներկայիս պատկերն է, ընտրություններին դեռ երեք ամիս ժամանակ կա։

Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է ընտրություններից 60 օր առաջ։

Խորհրդարանական կառավարման անցած Վրաստանում 2012 թվականից իշխում է «Վրացական երազանքը», որի հիմնադիրը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է։

TV Pirveli հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ «Վրացական երազանքը» տեղափոխվում է Օրթաճալայում կառուցված ժամանակակից նոր գրասենակ, որի հարևաններն են քրեական ոստիկանությունը, ներքին գործերի նախարարությունը և գլխավոր դատախազությունը։ Ավելի քան 8 հազար քառակուսի մետր տարածքով գրասենյակի համար «Վրացական երազանքը» 19 միլիոն դոլար է վճարելու սեփականատեր Դավիդ Անղուլաձեին։ Ըստ հեռուստաընկերության տեղեկությունների՝ գործարքը երեկ է ստորագրվել։

«Վրացական երազանքն» այսօր պաշտոնապես հայտնեց, որ տեղափոխվում է կենտրոնական նոր գրասենյակ, երեկոյան բացման արարողությունն է և նախընտրական արշավի մեկնարկը։

Ըստ TV Pirveli-ի հաղորդման՝ իշխող ուժի նոր գրասենյակը ձևավորվել ու կահավորվել է Իրակլի Ղարիբաշվիլիի ճաշակով, դեռ մինչ վարչապետ նշանակվելը։

Վրաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» հիմնադիր, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դեռ գտնվում է բանտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG