Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պատրաստվում է կրկին խստացնել հավաքների և ցույցերի անցկացման կանոնները, հայտնում է «Ազատություն» ռ/կ-ի վրացական ծառայությունը:
Օրինագծի համաձայն՝ հավաքների կազմակերպիչները պարտավոր կլինեն նախապես տեղեկացնել պետական մարմիններին, եթե միջոցառումը նախատեսված է «մարդկանց տեղաշարժի վայրերում»: Իշխանությունները կարող են առաջարկել «այլընտրանքային վայր, ժամ կամ երթուղի», եթե ակցիան սպառնալիք է ստեղծում հասարակական անվտանգության համար, խախտում է կարգը, խանգարում է հաստատությունների և կազմակերպությունների աշխատանքին կամ խոչընդոտում է մարդկանց ու տրանսպորտի երթևեկությանը:
Ինչպես հետևում է օրինագծի տեքստից, ցուցարարներին կպարտավորեցնեն ոստիկանությանը նախազգուշացնել ակցիայից 5 օր առաջ: Եթե միջոցառումն անցկացվում է ճանապարհի կամ մայթի վրա, ապա կազմակերպիչը պետք է գրավոր ծանուցում ուղարկի ՆԳՆ պարեկային ոստիկանության բաժին: Հիմա նման պարտավորություն չկա։
Ընդ որում, գրավոր ծանուցումը չի նշանակում, որ ՆԳՆ-ն թույլ կտա ակցիան. գերատեսչությունը կարող է «նախազգուշացում» տալ կամ «այլընտրանքային ժամանակ և/կամ վայր» առաջարկել:
Իշխող ուժն ավելի վաղ կրկին խստացրել էր հանրահավաքների անցկացման կանոնները: