Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը հույս ունի, որ շուտով կստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը


Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին, որ երեկ երեկոյան էր պաշտոնական այցով ժամանել Երևան, այսօր հանդիպումներ է ունենում Հայաստանի ղեկավարների հետ։ Կառավարությունում նրան ընդունած վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունները, որ արդեն ռազմավարական գործընկերության մակարդակի վրա են, ինչը արտահայտում է երկու երկրների երկարաժամկետ մտադրությունները։

«Վրաստանը և Հայաստանն ունեն ընդհանուր շահեր, և պետք է հարաբերությունները կառուցել այդ շահերի վրա»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա տեղավորվում է նաև Հարավային Կովկասի երկարատև զարգացման շահերի համատեքստում։

Կավելաշվիլին իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և շեշտել երկու ազգերի հազարամյա բարեկամությունը։ Ըստ վարչապետի կայքի՝ Կավելաշվիլին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը և հույս հայտնել, որ շուտով այն կստորագրվի, ու տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն ու կայունություն։

Կավելաշվիլին և Փաշինյանը քննարկել են նաև տնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերը։

Հայ-վրացական դարավոր կապերը հիշատակվել են նաև Կավելաշվիլիի և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ընթացքում։

«Ձեր այցը ևս մեկ վկայություն է, որ մենք շարունակում ենք այն դարավոր ավանդույթները, որոնք փոխանցվել են հազարամյակների ընթացքում, վերաբերում են մեր ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Մեր քննարկումները կունենան շարունակակություն», - ասել է Խաչատուրյանը։

Հայաստանի նախագահը նաև բարձր է գնահատել վրացական կողմի՝ Հարավային Կովկասում վերջնական խաղաղության հաստատմանն ուղղված միջնորդական ջանքերը՝ նշելով դրանց կարևորությունը տարածաշրջանային վստահության ձևավորման և կայունության պահպանման գործում։ Վրաստանի նախագահը Խաչատուրյանին հրավիրել է նաև պատեհ առիթով այցելել Վրաստան։

Կավելաշվիլին դեկտեմբերի վերջին խորհրդարանի ընտրությամբ է ստանձնել Վրաստանի նախագահի պաշտոնը՝ ներքաղաքական լարված իրավիճակում և առաջինը ապրիլի կեսերին այցելել էր Ադրբեջան և Բաքվում հայտարարել, որ Թբիլիսին հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի։ Ալիևն իր հերթին խոսել էր երկու երկրների տնտեսական ու էներգետիկ համագործակցության և նախագծերի մասին։

Ադրբեջան այցից մոտ երկու շաբաթ անց Կավելաշվիլին արդեն Հայաստանում է, ու այստեղ նախագահից ու վարչապետից բացի, հանդիպելու է նաև Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG