Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակող փաթեթը


Վրաստան - Բողոքի ակցիան խորհրդարանի շենքի դիմաց, Թբիլիսի, 17-ը սեպտեմբերի, 2024թ.
Վրաստան - Բողոքի ակցիան խորհրդարանի շենքի դիմաց, Թբիլիսի, 17-ը սեպտեմբերի, 2024թ.

Վրաստանի օրենսդիրներն ընդդիմության բոյկոտած քվեարկությամբ երրորդ և վերջին ընթերցմամբ հաստատել են օրինագծերը, որոնք սահմանափակում են ԼԳԲՏ անձանց իրավունքները, մասնավորապես թույլ են տալիս արգելել երկրում ԼԳԲՏ համայնքի ցույցերը, հավաքները, շքերթները:

Այսօր մի խումբ ցուցարարներ ցուցապաստառներով կանգնել էին Թբիլիսիի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի մոտ՝ դատապարտելով օրինագիծը, որը, նրանց պնդմամբ, անտեսում է վրացական ընտանիքների իրական խնդիրները:

Համաձայն օրենսդրական փոփոխությունների փաթեթի, որը ներկայացվել է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» վերնագրով, փոփոխվում են գործող 18 օրենքներ, այդ թվում՝ խոսքի և արտահայտվելու ազատության, հեռարձակման մասին։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ ներկայացված փաթեթն ընդունվել է 84 կողմ ձայներով, դեմ չկա: Ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանի նիստերը դեռ մայիսից, երբ «Վրացական երազանք»-ի պատգամավորները հավանություն տվեցին «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքին, որն արժանացավ Միացյալ Նահանգների և արևմտյան այլ երկրների խիստ քննադատությանը:

XS
SM
MD
LG