Վրաստան է այցելել Իսրայելի ազգային անվտանգության նախարար, ծայրահեղ աջակողմյան «Օցմա Եհուդիտ» կուսակցության առաջնորդ Իթամար Բեն-Գվիրը: Նա հանդիպումներ է ունեցել Վրաստանի իշխանությունների, այդ թվում՝ վարչապետի, ներքին գործերի նախարարի հետ։
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ նախարար Գելա Գելաձեն Բեն-Գվիրի հետ հանդիպմանը կենտրոնացել է իրավապահ մարմինների միջև առկա «սերտ և արդյունավետ համագործակցության» վրա ու նշել փորձի և լավագույն փորձի փոխանակման կարևորությունը: Ըստ հաղորդագրության՝ վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել գործընկերությունը տարբեր ոլորտներում:
Israel National News-ի փոխանցմամբ՝ իսրայելցի պաշտոնյան Վրաստանի իշխանություններին է ներկայացրել նյութեր, որոնք նրա խոսքով, վկայում են, որ «Գազայում սով, սննդի պակաս չկա»։
Իթամար Բեն-Գվիրը Իսրայելի կառավարության ամենավիճահարույց պաշտոնյաներից է, որի դեմ մի շարք երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան պատժամիջոցներ են կիրառել՝ Արևմտյան ափին պաղեստինցիների դեմ բռնություն հրահրելու պատճառով։